Կարևոր իրադարձություններ

Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն ավարտվի պատերազմով. Լարիջանի

21 Ապրիլ, 2016 17:27
Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն ավարտվի պատերազմով. Լարիջանի

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական TAСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

 

Նա նշել է, որ առանց դրա էլ տարածաշրջանը լի է ճգնաժամերով։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում խնդիրներ կան, Թուրքիայում նույնպես պայթյուններ են լինում։

 

«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում ու Պակիստանում։ Տարածաշրջանն արդեն չի հանդուրժում նոր ճգնաժամեր։ Գուցե իրոք, նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն չէ՞ որ հայտնի չէ, թե ինչ արդյունք դա կունենա։Մենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին միշտ կոչ ենք անում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք չեն ավարտվի պատերազմով»,-ասել է Լարիջանին։

 

Իրանցի պաշտոնյան նշել է, որ կարգավորման մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

 

«Մենք Հայաստանի ու Ադրբեջանի մեր ընկերներին կոչ ենք անում, իսկ Իրանի պաշտպանության նախարարությունն արդեն կապվել է գործընկերների հետ ինչպես Բաքվում և Երևանում, այնպես էլ Մոսկվայում, թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմի առաջացում, քանի որ դրա հետևանքները շատ ցավոտ կլինեն։ Առավել ևս, որ այդ երկրները հարևաններ են, նոր բազմաթիվ զոհերը կավելացնեն ատելությունը, որից ապագայում դժվար կլինի ազատվել։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք այդ հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար»,-ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին