Կարևոր իրադարձություններ

Ճգնաժամերով լի մեր տարածաշրջանը չի հանդուրժի նոր ճգնաժամ. Ալի Լարիջանին՝ ԼՂ-ում իրավիճակի սրման մասին

21 Ապրիլ, 2016 17:02
Ճգնաժամերով լի մեր տարածաշրջանը չի հանդուրժի նոր ճգնաժամ. Ալի Լարիջանին՝ ԼՂ-ում իրավիճակի սրման մասին

Ռուսական TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Հարցին՝ վերջին շրջանում ԼՂ-ում սրված է իրավիճակը, ինչպե՞ս է Իրանը տեսնում այդ հակամարտության կարգավորման ուղիները, Լարիջանին պատասխանել է. «Մեր տարածաշրջանը լի է ճգնաժամերով: Իրաքում, Սիրիայում, Լիբիայում կան խնդիրներ, Թուրքիայում երբեմն տեղի են ունենում պայթյուններ: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում ու Պակիստանում:

Տարածաշրջանն արդեն չի հանդուրժի նոր ճգնաժամեր: Բնականաբար, հնարավոր է՝ նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն չէ՞ որ անհայտ է, թե ինչպիսին կլինի արդյունքը:

Մենք մշտապես Հայաստանում ու Ադրբեջանում մեր գործընկերներին խորհուրդ ենք տալիս օգտագործել այնպիսի որոշումներ, որոնք չեն ավարտվում պատերազմով:

Գոյություն ոնեցող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Իրանի ՊՆ-ում արդեն իսկ կապվել են ինչպես Երևանում ու Բաքվում, այնպես էլ Մոսկվայում մեր գործընկերների հետ:

Մեր հայ ու ադրբեջանցի ընկերներին խորհուրդ ենք տալիս թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմի առաջացում, քանի որ հետևանքները կլինեն շատ ցավագին: Առավել ևս, որ այդ երկրները հարևաններ են, նոր բազմաթիվ զոհերը կառաջացնեն ատելություն, որից ապագայում շատ բարդ կլինի ձերբազատվել: Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որ այդ հարցը կարգավորենք խաղաղ ճանապարհով»:

 

Լրահոս

Դիտել ավելին