Կարևոր իրադարձություններ

Երկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում

21 Ապրիլ, 2016 16:16
Երկլեզու պատկերագրքի և ֆիլմի շնորհանդես` «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի շրջանակում

ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Պատրաստվել է նաև 2015 թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի և Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը` սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։ Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կկարդա Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետև տեղի կունենա պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո կցուցադրվի «Մենք կգանք» տեսաֆիլմը: Նույն օրը կցուցադրվի «Անցյալը` ներկայում» կերպարվեսի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում: Շնորհանդեսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրի իրականացման տնօրինության գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք: Շնորհանդեսի պատվավոր հյուրերի շարքում կլինեն Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը և ուրիշներ: «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի և «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

 

Լրահոս

Դիտել ավելին