Կարևոր իրադարձություններ

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

21 Ապրիլ, 2016 15:44
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

 

Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին:
 

Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածելու պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության:

 

Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն (Cordaro Salvatore), Դ Ազերո Անտոնինոն (DAsero Antonino), Պապալե Ալֆիոն (Papale Alfio) և Գրասսո Բեռնադետտե Ֆելիչեն (Grasso Bernadette Felice):

 

Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել դեռևս 2015թ. նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի (Giovanni Ardizzone) հետ հանդիպմանը:

 

Տեղեկանք. Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է (հիմնվել է 1097թ.) և Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի:


Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000թ., իսկ Սիցիլիայի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին