Կարևոր իրադարձություններ

Մենք բոլորս պետք է շատ խորը հետևություն անենք արցախյան քառօրյա պատերազմից. Հրանտ Թոխատյան

21 Ապրիլ, 2016 14:10
Մենք բոլորս պետք է շատ խորը հետևություն անենք արցախյան քառօրյա պատերազմից. Հրանտ Թոխատյան

Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը անդրադարձել է արցախյան քառօրյա պատերազմին: Սիրված դերասանը վերջին օրերին եղել է Արցախում եւ առաջիկայում էլ պատրաստվում է իր օգնությունը ցուցաբերել արցախցիներին:

«Վերջերս հասցրեցի լինել Արցախում, շփվեցի մեր զնվորների, արցախցիների հետ: Ինձ համար շատ կարեւոր է այն, որ արցախցիների մեջ որեւէ խուճապ ու հիստերիկա չնկատեցի, այսինքն՝ մարդիկ շատ լավ հասկանում են, որ ամուր կանգնած են իրենց հողի վրա եւ իրենց հողից որեւէ թիզ թշնամուն չի անցնի:  Քանի որ նույն կերպ մտածում են նաեւ մեր երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են սահմանին եւ ավագ զինվորականները, ովքեր անցել են  90-ականների պատերազմները, արդեն մեծ հույս է ներշնչում, որ մեր երկիրը ապագա ունի, մենք վաղվա օր ունենք: Լարված օրերին մեր ազգի նման վերաբերմունքը ապացուցեց, որ մեր երկրում առկա մնացած թերությունները, որոնք գուցե եւ շատ են, համեմատելով մեր հողի ու հայրենիքի հետ, դառնում են չնչին խնդիրներ, որովհետեւ դրանք լուծվող են, իսկ երկիրը վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ»,- նշեց Հրանտ Թոխատյանն ու հավելեց.

«Մեր պատմությունը ցույց է տվել, որ ոչ մեկ մեր հարցերը չպետք է լուծի, այլ մենք ինքներս պետք է տեր լինենք մեր երկրին: Ու այսօր այդ խնդիրները մենք իրավամբ լուծում ենք այն երիտասրադ տղաների եւ նրանցից ավագների շնորհիվ, ովքեր կռիվ տվեցին ու հիմա էլ պատրաստ են»:

Հարցին, թե արվեստագետն ի՞նչ հասցրեց իրականացնել Արցախում, նկատեց.

«Արցախում ես արել եմ այն, ինչ-որ իմ նման շատ ու շատ մարդիկ այդ օրերին անում էին՝ ով ինչով կարող էր օգտակար էր լինում, այն մարդը, ով կարող էր զենք պահել, նա ռազմադաշտում էր, իսկ նրանք, ովքեր չէին կարող զենք բռնել ու ռազմադաշտում էլ կխանգարեին, թիկունքում փորձում էին անել իրենց աշխատանքը՝ դեղ ու կերակուր հասցնելով, զինվորների տրամադրությունը գոնե փոքր-ինչ բարձրացնելով եւ այլն: Իմ կողմից օգնությունը կլինի շարունակական. Այս պահին Արշակ Զաքարյանի գլխավորությամբ  ընկերներս շինարարական ջոկատ են հավաքել, որոնց ես էլ շուտով կմիանամ ու բոլորս միասին կփորձենք վերականգնել ռմբակոծված գյուղերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին