Կարևոր իրադարձություններ

Գազի բալոն արտադրող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

20 Ապրիլ, 2016 16:29
Հեղինակ՝ Արմեն Վարդանյան
Գազի բալոն արտադրող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Հրազդանի բարձր ճնշման բալոնների գործարանը ձեռք է բերել «Գրանտ» ՍՊ ընկերությունը, և սկսել վերականգնողական աշխատանքը: Ավտոմեքենայի բարձր ճնշման բնական գազի բալոնի արտադրության հումքն է 34CrMo4 մակնիշի լեգիրացված պողպատե անկար, տաք գլանման եղանակով ստացված խողովակը: Ընկերությունն այն ներկրում է Չինաստանից, քանի որ ԵԱՏՄ երկրներում նույն մակնիշի պողպատե անկար խողովակ չի արտադրվում, իսկ դրան քիմիական բաղադրությամբ մոտ խողովակը, որն արտադրվում է Ռուսաստանում, իր մեխանիկական և այլ հատկանիշներով զգալիորեն զիջում է Չինաստանում արտադրվող խողովակին, որն օժտված է եվրոպական ստանդարտներով:

«Գրանտ» ՍՊ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ կառավարություն`խնդրելով Չինաստանից իր ներկրած 50 հազար տոննա 2,5 մլրդ դրամ նախնական արժեքով պողպատե անկար խողովակի նկատմամբ կիրառել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող սարքավորումը, դրա բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը: Որոշման նախագիծը պատրաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, դրա մշակմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ արդարադատության նախարարությունները:

Կառավարությունն իր ապրիլի 21-ի նիստում ամենայն հավանականությամբ կբավարարի «Գրանտ» ՍՊ ընկերության հայտը: Արտոնության առկայությունը լուրջ խթան կդառնա ներդրումային նոր ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Լրահոս

Դիտել ավելին