Սա այն դեպքն է, որ պետք է փորձել նաև մերժողական դիրքորոշումը մի քանի առումով հիմնավորել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով թուրքական ապրանքներ Հայաստան ներկրելու և սպառման դեմ պայքարի խնդրին:
«Մեր հայրենակիցներից շատերը արտագնա սեզոնային աշխատանքի են գնում, մեծ չարչարանքներով գումարներ է ուղարկում այստեղ իրենց հարազատներին, որոնք էլ թուրքական ապրանքներ գնելով ֆինանսավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ ավելացնելով, թե պետք է ուշքի գալ և «այո» ասել հայկական արտադրանքին:
«Այն երկիրը, որն ավելի շատ մեծ կախվածություն ուներ Թուրքիայից, հենց բարոյական շարժառիթն օգտագործեց և խզեց իր տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ և սկսեց պատժամիջոցներ կիրառել Թուրքայի նկատմամբ. խոսքս Ռուսաստանի մասին է»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, թե նույնը կարող է անել և Հայաստանը:
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ այստեղ դերակատարություն ունի և՛ պետությունը, և՛ մասնավոր հատվածը, և՛ քաղաքացիական հանրությունը, և սրանցից մեկի թերանալու դեպքում հաջողության հասնել հնարավոր չէ:
«Ներքին թշնամին մեր միջից պետք է հանենք: Նա, ով թուրքական ապրանք է գնում, նա հովանավորում է ահաբեկչությանը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Լրագրողի հարցին, թե ինչ պետք է լինի Թուրքիայից ապրանք բերողների վիճակը, տնտեսագետը պատասխանեց. «Խեղճացած տեսք պետք չէ ընդունել և ասել, թե այդ մարդիկ ինչ պետք է անեն: Մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք և այդ մարդկանց համար աշխատատեղ ստեղծելը համար մեկ խնդիրը պետք է լինի մեր երկրի համար: Մեր երկիրը պետք է խրախուսի ինքնազբաղվածությունը, չհարկի միկրոբիզնեսը, որի մասին ես վաղուց դիմել եմ կառավարությանը: Իրականում պետք է կյանքի կոչվի ներմուծման փոխարինման քաղաքականությունը, այսինքն՝ այն ինչ ներմուծվում է՝ ամոթ է, որ մենք չենք արտադրում»: