Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

20 Ապրիլ, 2016 13:59
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն են ժամանում օտարերկրյա պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման խնդիրն  իրականացնելու է պարեկապահակետային ուժեղացված ծառայությամբ՝ համայնքային ոստիկանության մեծաթիվ ծառայողների մասնակցությամբ:

Նշենք, որ առաջիկա օրերին հավաքներ անցկացնելու վերաբերյալ  ոստիկանությունը մինչ օրս լիազոր մարմնից կարծիք ստանալու նպատակով ծանուցումներ չի ստացել: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նման իրազեկումներ կարող են ներկայացվել հավաքի անցկացման օրվանից նվազագույնը 7 օր առաջ:

Հիշյալ ժամկետն ինքնանպատակ չէ, և ոստիկանությանը հնարավորություն է տալիս նախապես միջոցներ ձեռնարկել հասարակական կարգը, հավաքի բնականոն ընթացքը, հավաքի մասնակիցների անվտանգությունը և այլոց իրավունքներն ապահովելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ իրազեկում ներկայացնելու վերը նշված ժամկետը բաց է թողնվել, ոստիկանությունը, հնարավոր հավաքներով պայմանավորված՝  ուժերի  և միջոցների բաշխում չի իրականացրել:  Օրենքով սահմանված միջոցներով հավաքների հնարավոր սահմանափակումնները բացառելու նկատառումներով  մեր  քաղաքացիներին, հասարակական միավորումներին ու շարժումներին   կոչ ենք անում՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրենց սահմանադրական  իրավունքն իրացնել բացառապես օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Վստահ ենք, որ ոստիկանության կոչը՝ ուղղված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանը, պատշաճ  արձագանք  կգտնի մեր հանրության կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին