Կարևոր իրադարձություններ

«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն չարիք էր».քուրդ իրավապաշտպան

20 Ապրիլ, 2016 12:59
«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ մեծագույն չարիք էր».քուրդ իրավապաշտպան

Ermenihaber.am-ի փոխանցմամբ քուրդ փաստաբան ու մարդու իրավունքների պաշտպան Էրեն Քեսքինը «մեծագույն չարիք» խորագրի ներքո անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«1915թ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ արմատական չարիք էր: 100 տարի առաջ այն աշխարհագրական տարածքում, որտեղ ապրում հիմա ենք, կատարվել խոշոր ու անդառնալի մի հանցագործություն, որը հնարավոր չէ ոչ փոխհատուցել, ոչ ներել:

Համակարգված կործանիչ քաղաքականության կիրառմամբ հայ ազգը, հասարակական կազմակերպությունները, տնտեսությունը, արվեստն ու արհեստները, պատմությունն ու մշակույթը ոչնչացվեցին», - գրում է Քեսքինը:

Հեղինակը հիշեցնում է ցեղասպանության հեղինակ «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki) կուսակցության անդամ դոկտոր Նազըմի հետևյալ խոսքերը՝ «մենք պետք է հայ ազգին արմատախիլ անենք այս տարածքներից: Անգամ մեկ հոգի պիտի չփրկվի, հայ անունը պիտի մոռացվի»:

Քուրդ իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Հանրապետական Թուրքիան, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ցեղասպանագործ մտածելակերպն ընդունեց որպես իր հիմնադրման գաղափարախոսություն:

Իսկ Մուսթաֆա Քեմալը, որը ժամանակին այդ կուսակցության անդամն ու ցեղասպանության գործող անձանցից էր, ցեղասպանագործներից շատերին նախարարի պաշտոններ շնորհեց:

«Թուրքիայի հանրապետության հիմնադրման ներկայացումը որպես հեղափոխության արդյունք, մեծ խաբեություն էր: Եվ թուրքական պաշտոնական գաղափարախոսությունն էլ ձևավորվեց այդ խաբեության հիման վրա: Թուրքական դատական համակարգն էլ ստեղծվեց այդ մեծ ստի՝ իրավաբանական հասկացությունների շրջանակներում վերաձևակերպվելու միջոցով», - գրում է Քեսքինը:

Հեղինակն ընդգծում է նաև, որ ցեղասպանված հայերի ողջ գույքն ու ունեցվածքը պետության կողմից «սեփականատեր չունեցող գույք» հռչակվեց (Emlak ı Metruke) և արդյունքում պետական մակարդակով, օրենքների օգնությամբ գողացվեց, թալանվեց: Այս գործընթացը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում ու շարունակվում է միչև այսօր:

Իրավապաշտպանը շեշտում է, որ այսօրվա Թուրքիայում տեղի ունեցող այնպիսի անօրինական ու ատելություն քարոզող գործընթացներ, ինչպիսիք են Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի սպանությունն ու չհանգուցալուծվող դատավարությունները, Ցեղասպանությունը հերքող Փերինչեքի՝ Շվեյցարիա դեմ հարուցած և իր վերջո հաղթանակով ավարտված դատավարությունը, «հայ» բառը որպես մեծ վիրավորանք ընկալելը: Այդ ամենը գալիս են ցույց տալու, թե ինչպիսի հաջողություն է ունեցել թուրքական պետական գաղափարախոսությունը ողջ թուրք ժողովրդի շրջանում:

Քուրդ իրավապաշտպանը հույս է հայտնում, որ թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, մի օր միջազգային իրավունքի շրջանակներում Թուրքիան հարկադրված կլինի խոստովանելու, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հատուցելու, ինչի համար, որպես մարդու իրավունքի պաշտպան, իրենք պայքարելու են մինչև վերջ:

 

Լրահոս

Դիտել ավելին