Կարևոր իրադարձություններ

Թուրք լրագրողը՝ երկրում զբոսաշրջությունը սպանած Անկարայի 4 սխալների մասին

20 Ապրիլ, 2016 12:01
Թուրք լրագրողը՝ երկրում զբոսաշրջությունը սպանած Անկարայի 4 սխալների մասին

Թուրքական Milliyet թերթի հոդվածագիր Մեհմեթ Թեզքանը ներկայացրել է պաշտոնական Անկարայի 4 սխալները, որոնք հանգեցրել են զբոսաշրջության ոլորտի կործանման:

Թեզքանն ընդգծել է, որ զբոսաշրջային ոլորտը Թուրքիայի տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է, և այն լրջորեն տուժել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունում Անկարայի գործած աններելի սխալների պատճառով:

Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին աղետը դարձավ Սիրիայի ներքին գործերին միջամտելու որոշումը, ինչը հանգեցրեց նրան, որ երկրում հայտնվեց 2.7 միլիոն սիրիացի փախստական, Էգեյան ծովը լցվեց մաքսանենգների նավերով, որտեղ ամեն օր խեղդվում են մեծ թվով մարդիկ, և վերջին հաշվով այդ ծովը ստացավ «մահվան ծով» տխրահռչակ անվանումը:

Թեզքանի խոսքով՝ բնականաբար, ոչ ոք չէր ցանկանա հանգստանալ նման անվանում ստացած ծովի ափերին, որի հատակին գտնվում են երեխաների դիակներ:

Թեզքանը որպես երկրորդ աղետ մատնանշել է այն, որ Անկարան երկար ժամանակ աչք է փակել ջիհադականների ուժեղացման վրա ու չի հրաժարվել բաց դռների քաղաքականությունից՝ ընդունելով բոլորին անխտիր. «Այդպիսով ահաբեկիչները հեշտությամբ ներթափանցել են երկիր, և այժմ ԴԱԻՇ-ը գործում է Թուրքիայում՝ հաճախ թիրախի տակ վերցնելով օտար երկրների քաղաքացիներին»:

Թեզքանը որպես երրորդ սխալ նշել է ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումն ու դրան հաջորդած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, ինչի պատճառով Թուրքիան կորցրեց ռուսաստանցի զբոսաշրջիկներին:

Եվ վերջապես որպես չորրորդ սխալ Թեզքանը նշել է PKK-ի դեմ տարվող պատերազմը՝ ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու և քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար, և այժմ թուրքական փողոցներում տիրում է քաոս, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակները:

 

Լրահոս

Դիտել ավելին