Կարևոր իրադարձություններ

Խմբագրական. ՀՀ իշխանությունների թուլության արդյունքը

19 Ապրիլ, 2016 18:22
Խմբագրական. ՀՀ իշխանությունների թուլության արդյունքը

Այսօր մի խումբ քաղաքացիներ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթ իրականացրին մայրաքաղաքում՝ պահանջելով ՀՀ արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: Մտահոգությունն անշուշտ հասկանալի և ընդունելի է, բայց փորձեմ նաև ավելի խորքային անդրադառնալ խնդրին:

Կարծում եմ՝ կարիք չկա նորից հիշեցնելու, թե ինչեր է արել ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանը Հայաստանի և մանավանդ Արցախի համար և թե դեռ ինչեր է պատրաստ անել: Բազմիցս այս մասին գրվել, խոսվել է, և Հայրապետյանի վաստակն էլ բազմիցս գնահատվել է, բազմիցս խոսվել է նաև այն մասին, թե ինչպիսի ծառայություններ է մատուցել Լևոն Հայրապետյանը Ռուսաստանի Դաշնությանը: Իսկ այսօր նրան ազատազրկում են՝ հաշվի չառնելով նույնիսկ նրա առողջական վիճակը, բազմաթիվ վտանգավոր հիվանդությունները: Իհարկե, ոչ ոք չի ասում, թե Հայրապետյանը չպետք է պատիժ կրի իր կատարածի համար, ոչ ոք չի փորձում նրան սրբացնել, պարզապես խնդիրը կիրառվող խափանման միջոցի մեջ է: Վերջապես մարդուն կարող էին տնային կալանք նշանակել՝ հաշվի առնելով, որ վերջինս ոչ միայն սրտի կաթված է տարել, այլ նաև ունի օնկոլոգիական հիվանդություն և կալանավայրում կարող է մահանալ:

Այս ամենը հաշվի չառնվեց, և այստեղ, ես կարծում եմ, կապ ունի ՀՀ իշխանությունների գործոնը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ իշխանությունների թուլությունը արտաքին քաղաքականության մեջ, նույն Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանությունների թույլ դիրքը: Չէի ցանկանա այս օրինակը բերել, բայց Ադրբեջանի տխրահռչակ սուլթան Ալիևը ժամանակին կարողացավ կաշառելով Հունգարիայի իշխանություններին՝ հասնել ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և նույնիսկ հերոսացրեց նրան Ադրբեջանում, այն դեպքում երբ խոսքը գիշերը կացնով քնած մարդուն սպանած ստահակի մասին էր: Իսկ մեր դեպքում խոսքը հայրենիքին ու նաև Ռուսաստանին բազմաթիվ ծառայություններ մատուցած հարգարժան մարդու մասին է, ով, իհարկե, անսխալական չէ, այո, օրենք է խախտել, բայց ոճրագործ էլ չէ: Եվ մեր դեպքում բնավ կարիք չկա այդ մարդուն հերոսացնելու, այլ ընդամենը պետք է փոխել տալ նրա պատժի ձևը, խափանման միջոցը:

Իհարկե, պարզ է, որ գրեթե անհնար է ազդել ուրիշ պետության դատարանի որոշման վրա, սակայն այս հարցը դեռ ավելի վաղ պետք է եղած լիներ Սերժ Սարգսյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում և միջնորդության դեպքում շատ հնարավոր է, որ այլ լուծում ստանար: Դրա համար ընդամենը պետք էր ավելի լավ դիրքեր ունենալ գործընկերային հարաբերությունների մեջ: Եվ ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյանը: Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը. չէ՞ որ երկրորդ նախագահն էլ իբրև թե ընկերական հարաբերությունների մեջ է Պուտինի և Մեդվեդևի հետ, համենայն դեպս, այդպես ներկայացվում էր միշտ: Եվ եթե այդպես է՝ մի՞թե խնդիր էր միջնորդելը: Այ ամբողջ խնդիրն այն է, որ, ըստ իս, իրականում մեր ու Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերություններն իրականում ոչ թե դաշնակցային կամ գործընկերային են, այլ՝ ոչ հավասար: Մենք վասալի դիրքում ենք, դրա համար շատ հարցերում լեզուներս կարճ է:

 

Լրահոս

Դիտել ավելին