Կարևոր իրադարձություններ

Թուրքիան` աշխարհում միակ պետությունն է, որն Ադրբեջանին հանցավոր արարքներում աջակցում է . Էդուարդ Շարմազանով(տեսանյութ)

19 Ապրիլ, 2016 18:05
Թուրքիան` աշխարհում միակ պետությունն է, որն Ադրբեջանին հանցավոր արարքներում աջակցում է . Էդուարդ Շարմազանով(տեսանյութ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ապրիլի 19-ին «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են նաև ռուսական լրատվամիջոցները:


Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել համաժողովը, արժևորել այն՝ որպես երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելուն միտված միջոցառում:
Խոսելով երկրների անվտանգության և բարեկեցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ տարածաշրջանի համար այս պահին անվտանգության և բարեկեցության սպառնալիք են Թուրքիան և Ադրբեջանը: Ադրբեջանը՝ որպես անմիջական ռազմական ագրեսիա սանձազերծող, իսկ Թուրքիան` աշխարհում միակ պետությունը, որն Ադրբեջանին այդ հանցավոր արարքներում աջակցում է, ինչպես նաև Հայաստանի հետ փակ պահելով սահմանները` պահում է փաստացի շրջափակման մեջ վերջինիս:


Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրները լուծելու միակ ճանապարհը մշտապես տեսել ու տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման շրջանակում, Արցախի հարցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում և միջազգային մարդասիրական կանոններին համապատասխան: Նա փաստել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, խնդրի կարգավորման համար մերժելով թե՛ Մինսկի խմբի և թե՛ միջազգային մարդասիրական բոլոր կանոնները:


Ասուլիսի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ հորդորել է Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրավունք ունի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին