Կարևոր իրադարձություններ

Օտարն, անպայման, կտեսնի, թե ովքեր են հայերը և ինչ ոգու տեր են. Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի կունենա «Ամեն» ներկայացումը

19 Ապրիլ, 2016 18:04
Օտարն, անպայման, կտեսնի, թե ովքեր են հայերը և ինչ ոգու տեր են. Իտալիայի Վերոնա քաղաքում տեղի կունենա «Ամեն» ներկայացումը

Իտալիայի Վերոնա քաղաքի Piazza Bra գլխավոր հրապարակում, «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում սեպտեմբերին տեղի կունենա «Ամեն» երաժշտական-դրամատիկական մեծ շոուի պրեմիերան:
 

Ծրագրի երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ինքը և ծրագրի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանն այնպես են արել, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ազգության մարդ կարողանա իր հետ տանել այն ամենը, ինչ հեղինակները փորձել են հաղորդել:
«Սա նախադեպը չունեցող նախագիծ է: Այնտեղ կան երաժշտություն, վիզուալ էֆեկտներ, բալետ, խոռեր, կա սիմֆոնիկ նվագախումբ, որը նվագում է փոփ նվագախմբի և ֆոլկ երաժիշտների հետ»,-տեղեկացրեց Արաքսյա Մուշեղյանը:


Ինչ վերաբերում է երաժշտական-դրամատիկական շոուի «Ամեն» անվանմանը, Արաքսյա Մուշեղյանն ասաց, որ «ամեն» բառը հայերի համար նշանակում է՝ թող լինի այդպես։
«Ամեն»-ի սցենարիստ Էդուարդ Այանյանի խոսքով՝ ցանկանալով ցույց տալ Հայաստանի և հայ ազգի պատմությունը, ստեղծագործական խմբով հասկացել են, որ կարևոր ասելիք ունեն, այն էլ՝ վերածննդի ու սիրո միջոցով:


«Մենք հաղթաթուղթ ունենք, որը մեզ դարերի ընթացքում, նույնիսկ ամենածանրը՝ ցեղասպանության օրերը, հաղթահարել և դառձել ենք ավելի ուժեղ, հաղթել և շարունակում ենք հաղթել: Մենք երբեք չենք դադարել ստեղծագործ լինել, սիրել մեր երկիրը, մեկս մյուսին: Սերը բացարձակ արժեք է, և այն, ինչ մենք անում ենք, դրա ապացույցն է, ու կարծում եմ, որ աշխարհը մեզ պետք է այդ տեսանկյունից ճանաչի»,-ասաց սցենարիստ Էդուարդ Ալանյանը:


Բեմադրող, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանն էլ նշեց, որ գլխավոր խնդիրն այն է, որ օտարը տեսնի, թե հայը որտեղից է գալիս և ուր է գնում:


«Պետք է ցույց տանք, որ եղել են ջարդեր, եղել են սպանություններ, որը էպիզոդ է եղել հայի կյանքում, սակայն դա չէ կարևորը, կարևորն այն է, որ մենք կանք: Իսկ բեմի վրա մենք ցույց կտանք, որ հայկական արժեքների բոլորովին այլ է: Օտարն անպայման կտեսնի, թե ովքեր են հայերը և ինչ ոգու տեր են»,-ասաց Ռուդոլֆ Խառատյանը:


Ծրագրի երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ասաց նաև, որ պրեմիերայի համար ընտրել են Իտալիան, քանի որ այն եվրոպական կենտրոն է և մասնակցելու առումով շատ հարմար է բոլորին։


«Այս նախագիծը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանն իր պատմությամբ ու հարուստ մշակույթով: Խոսելով ցեղասպանության մասին՝ մենք խոսելու ենք հանդուրժողականության մասին, որի պակասի արդյունքում այսօր աշխարհում տեղի են ունենում նոր ցեղասպանություններ»,-ասաց «Ամեն»-ի իտալացի պրոդյուսեր Դավիթ Զարդը:
Վերոնայից հետո ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլ վայրերում: «Ամեն» թեմայի շրջանակներում կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, մշակութային հանդիպումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին