Կարևոր իրադարձություններ

ԵՄ հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է

19 Ապրիլ, 2016 17:42
ԵՄ հետ Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է

Եվրամիության երկրների հետ Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը տարեկան համեմատությամբ` 2016 թվականի հունվար-մարտին 43,3 տոկոսով կրճատվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:

Նշվում է, որ 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանից արտահանումը ԵՄ երկրներ 50,94 տոկոսով կրճատվել է, 17,57 տոկոսով էլ կրճատվել է ԵՄ երկրներից Ադրբեջան ներկրման ծավալը:

Ըստ զեկույցի` Ադրբեջանի արտահանման 57,3 տոկոսն ընկնում է ԵՄ-ին: Եվրոպայից Ադրբեջան ներկրումների ծավալը կազմում է 27,97 տոկոս: Անցյալ տարի այդօրինակ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 61,46 տոկոս եւ 25,43 տոկոս:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:

Ըստ ՀԲ-ի, Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին` ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:

Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն` 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու:

 

Լրահոս

Դիտել ավելին