Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը Սեուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ակտիվ միջուկային փորձարկումներ իրականացնող Հյուսիսային Կորեայի իշխանություններին օրինակ վերցնել Իրանից, որը միջազգային տերությունների հետ միջուկային համաձայնագիր է կնքել:
«Իրանը հիմնարար ընտրություն կատարեց ` որոշելով սառեցնել միջուկային ծրագիրը և թույլ տալով միջազգային ատոմային փորձագետներին այցելել միջուկային օբյեկտներ: Մենք լիահույս ենք, որ Հյուսիսային Կորեան այս հարցում օրինակ կվերցնի Իրանից»,-մեջբերում է Reuters-ը պաշտոնյայի խոսքերը:
Միևնույն ժամանակ, Բլինկենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շատ կոշտ կարձագանքի, եթե Փհենյանը, որն արդեն 4-րդ միջուկային փորձարկումն է իրականացրել, շարունակի անտեսել միջազգային հանրության կոչերը։