Ռուսական «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին: Այս մասին թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է փոխզիջումների անհրաժեշտության հարցում անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին, քանի որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ զիջել:
Աղբյուրը հայտարարել է. «Հենց խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշատակվում են փոխադարձ հավակնությունները (դժգոհությունները), և տարածքային հարցը դառնում է անլուծելի:
Սպասվում են ծանր բանակցություններ, և այստեղ առանց Ռուսաստանի գործը գլուխ չես բերի:
Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե:
Սակայն կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի հօգուտ իրեն: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ են, և նա կարգավորման բոլոր փուլերում էլ արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերին տրամադրի խաղաղ կարգավորման ու բացառի հակամարտելը:
Դժվար է որևէ կանխատեսում անել, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը և գլխավորը՝ բանակցային գործընթացը տեղից առաջ մղելու փոխադարձ ցանկությունն արդեն կլինեն զգալի առաջընթաց»:
Ոչ վաղ անցյալում Պուտինը «ուղիղ գծով» շփման ժամանակ հայտարարեց, որ Մոսկվան շարունակելու է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերը՝ ինչպես միջազգային կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ կարգով: