Կարևոր իրադարձություններ

«Այբ»-ի ֆաբլաբում աշակերտները զրոյից նախագծում ու կյանքի են կոչում նորարարական լուծումներ

18 Ապրիլ, 2016 23:22
«Այբ»-ի ֆաբլաբում աշակերտները զրոյից նախագծում ու կյանքի են կոչում նորարարական լուծումներ

«Այբ» կրթական ավանում գործող տարածաշրջանային ֆաբլաբում բոլոր լուծումները նորարարական են` մշակված աշակերտների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Այբ»-ի ռոբոտիկայի թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը` հավելելով, որ լաբորատորիայում իրագործվում են թե աշակերտների, թե ոլորտով հետաքրքրվող անհատների գաղափարները:

ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» հեղինակավոր մրցույթից «Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը վերադարձել է արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: Մրցույթին, որն այս տարի տոնել է հիմնադրման 30-ամյակը, ներկայացել է շուրջ 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ: «Այբ»-ի աշակերտները մրցույթին ներկայացել են իրենց սումո ռոբոտով: Հանդիսատեսի աչքի առաջ հայկական ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ ու հաղթել այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով:

«Ֆաբլաբը մեծ լաբորատորիա է, որը մեծ հնարավորություններ է տալիս աշակերտներին և ուսանողներին իրականացնել իրենց մտահաղացումները` պատրաստելով տարբեր սարքեր, դետալներ: Բացվելուց մինչ օրս բավականին շատ ռոբոտներ են պատրաստվել, բայց ֆաբլաբի հիմնական ժամանակը վերջին ամիսներին զբաղեցրել է սումո ռոբոտը: Դրա վրա կան մանր դետալներ, որոնք երկար ժամանակ են պահանջում մշակելու համար: Ամբողջ ռոբոտը զրոյից նախագծվել ու պատրաստվել է աշակերտների կողմից»,-ասաց Վազգեն Գաբրիելյանը: Նրա խոսքով` ֆաբլաբում օգտագործվում են լազերային կտրիչներ, 3D ֆրեզեր ային հաստոցներ, տպասալ պատրաստող 3D ֆրեզերային հաստոցը:

Ֆաբլաբում մինչ օրս աշխատել են «Այբ» դպրոցի 30-ից ավելի աշակերտներ և 20 ուսանողներ, այլ հետաքրքրվողներ ևս, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են նոր գաղափարներով, իսկ լաբորատորիայի ղեկավարությունը փորձում է աջակցել, որպեսզի նրանց մտքերը կյանքի կոչվեն:

Հարցին ի պատասխան, թե ինչ ներդրում կարող են ունենալ ֆաբլաբի ուսանողները Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման գործում` Վազգեն Գաբրիելյանը նշեց. «Հայաստանն ունի շատ լուրջ պոտենցիալ ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար, բայց մենք դպրոցում շեշտը դնում ենք կրթության վրա: Աշակերտները հիմնականում աշխատում են մրցույթներին ներկայացվելիք ռոբոտներ պատրաստելու ուղղությամբ, ֆաբլաբը ավելի շատ աշխատանաքային պրոտոտիպեր ստեղծելուն է ուղղված»:

«Այբ» կրթական ավանում տարածաշրջանում առաջին արհեստանոց-լաբորատորիան ֆաբլաբը բացվել նախորդ տարվա հոկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին