Կարևոր իրադարձություններ

Կեղծամակնիշ ապրանքների տարեկան համաշխարհային ծավալը գնահատել են 461 մլրդ դոլար

18 Ապրիլ, 2016 22:34
Կեղծամակնիշ ապրանքների տարեկան համաշխարհային ծավալը գնահատել են 461 մլրդ դոլար

Կեղծամակնիշ ապրանքների առեւտրի ծավալն աշխարհում 2013 թվականին կազմել է 461 մլրդ դոլար, ինչը հավասար է համաշխարհային ներմուծման մոտավորապես 2,5 տոկոսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հաշվետվության մեջ: ՏՀԶԿ-ն նշում է, որ անօրինական առեւտրից ամենից ավելի տուժում են ԱՄՆ-ի, Իտալիայի եւ Ֆրանսիայի բրենդները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հաշվետվության մեջ հաշվի են առնվել ապրանքանիշերի, դիզայնի եւ պատենտների նկատմամբ ընկերությունների իրավունքները խախտող ապրանքները, ինչպես նաեւ հեղինակային իրավունքների խախտմամբ պատրաստված արտադրանքը: Ցանցահենությունը տեղ չի գտել հետազոտության մեջ:

Եվրամիություն ներմուծված բոլոր ապրանքների մոտավորապես 5 տոկոսը կեղծված է, նշում են փորձագետները:

Իրավախախտներն ամենից ավելի շատ կեղծում են ԱՄՆ-ի բրենդների արտադրանքը. նման ապրանքանիշերով ապրանքների մինչեւ 20 տոկոսը կեղծամակնիշ է: Դրանց հաջորդում են իտալական առեւտրանիշերը (15 տոկոս), ֆրանսիական եւ շվեյցարական (12-ական տոկոս), ճապոնական եւ գերմանական բրենդները (8-ական տոկոս):

Չինաստանում է արտադրվում աշխարհում կեղծամակնիշ բոլոր ապրանքների 63,2 տոկոսը: Նրան մեծ տարբերությամբ հաջորդում են Թուրքիան (3,3 տոկոս), Սինգապուրը (1,9 տոկոս), Թաիլանդը (1,6 տոկոս) եւ Հնդկաստանը (1,2 տոկոս), հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին