Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել ԼՂ դեմ Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

18 Ապրիլ, 2016 21:15
Էդվարդ Նալբանդյանը Ղազախստանի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել ԼՂ դեմ Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

 Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։



Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը, ինչն ամրագրված է նաև ՀԱՊԿ գագաթաժողովների և ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված փաստաթղթերում։ Նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին հակասող դիրքորոշումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին։

 

Անդրադառնալով ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգելուն՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և հույս է հայտնել, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի՝ Հայաստանում կայանալիք նիստը կշտկի այդ բացթողումը։

 

Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին