Կարևոր իրադարձություններ

Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս.Արամ Դանիելյանի շնորհակալական խոսքը վերընտրվելու կապակցությամբ

18 Ապրիլ, 2016 12:29
Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս.Արամ Դանիելյանի շնորհակալական խոսքը վերընտրվելու կապակցությամբ

Արամ Դանիելյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել Հրազդանի բնակիչներին։ Նա, մասնավորապես, նշել է.«Հրազդան քաղաքի հարգարժա՛ն բնակիչներ


Սիրելի՛ հրազդանցիներ


Ավարտվեցին ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և Հրազդանի ընտրողները կրկին ինձ վստահեցին քաղաքի առաջիկա տարիների ղեկավարումը:
Մեծապես շնորհակալ եմ և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ բոլոր ընտրողներին, շնորհակալական խոսքեր եմ հղում նաև ինձ չընտրողներին:


Ինձ տրված բոլոր քվեներն ընկալում եմ, որպես վստահության երաշխիք, որը նոր ուժ կհաղորդի առաջիկա տարիներին Հրազդանում նոր որակի աշխատանքներ իրականացնելու հարցում:
Ինձ չտրված բոլոր քվեները բերում են այն վերլուծությանը, որ առաջիկա տարիներին մեր քաղաքում պետք  կատարվեն առավել արդյունավետ աշխատանքներ, որպեսզի այդ անձինք ևս ապագայում  ձևավորեն իրենց վստահությունը:


Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը,երկրի քաղաքական և մարզային իշխանություններին, իմ բոլոր համակիրներին և կողմնակիցներին:


Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս՝ հրազդանյան ընտրություններն առավելապես մրցակցային դարձնելու համար, որի պարագայում արձանագրված հաղթանակն առավել համոզիչ ու հիմնավոր է դառնում:


Եվ բնականաբար շնորհակալական խոսքեր պետք է հղեմ բոլոր լրատվամիջոցներին, ովքեր անկախ իրենց ուղղվածությունից, այս օրերին Հրազդանում էին և լուսաբանում էին հրազդանյան ընտրական առօրյան:


Այս ամենով հանդերձ դարձյալ վերահաստատում եմ Հրազդան քաղաքում առաջիկա տարիներին բազմաթիվ դրական զարգացումներ ապահովելու՝ իմ պատրաստակամությունը և «Իմ թիմը հրազդանցի՛ն է» կարգախոսի ներքո առաջիկա տարիներին մեր քաղաքում նկատվելու են բազմաթիվ դրական տեղաշարժեր»:


Հիշեցնենք, որ երեկ՝ Ապրիլի 17-ին, կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին