Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկվել են բուժօգնության առավել օպերատիվ և համակարգված իրականացմանը վերաբերող հարցեր.ԱՆ

18 Ապրիլ, 2016 12:14
Արցախում քննարկվել են բուժօգնության առավել օպերատիվ և համակարգված իրականացմանը վերաբերող հարցեր.ԱՆ

Բժշկական օգնության աշխատանքների կազմակերպումը տեղում շարունակելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակներում առավել օպերատիվ և համակարգված համագործակցություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունից։


Երևանից ժամանած մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, հանրապետական հիվանդանոց, «Արևիկ» մանկական բուժմիավորում, Մարտակերտի զինվորական հոսպիտալ, Իվանյան գյուղի ռազմական հոսպիտալ, Մատաղիսի գնդի բուժծառայություն, ծանոթացել հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին: Նախարարը տեղում ծանոթացել է նաև դեղերի և բժշկական պարագաների պահպանման պայմաններին: Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների և մյուս վիրավորների բուժման հետագա ռազմավարությունը: Վիրավորված երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարին նեղ մասնագետներից բացի ուղեկցել են նաև հոգեբաններ:


ԼՂՀ առողջապահական համակարգին տրամադրվել են լրացուցիչ դեղեր մասնավորապես` ցավազրկողներ, հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, արյան փոխարինիչներ, արյան բաղադրամասեր, ինչպես նաև մեծ քանակությամբ բժշկական նշանակության ապրանքներ: Այցը եզրափակվել է ԼՂՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ընդլայնված խորհրդակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու և նրանց շուտափույթ ապաքինման գործում: Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ` իրենց խորհրդատվություններով և փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձնակազմի աշխատանքը:


Տեղեկացնենք նաև, որ մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից ՀՀ և ԼՂՀ բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով։ ՀՀ առողջապահության նախարարությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակում մշտապես սերտորեն համագործակցել է ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ` ուշադրության կենտրոնում պահելով ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորների և երկրապահների ապաքինումը։

 

Լրահոս

Դիտել ավելին