Կարևոր իրադարձություններ

Առաջին հայ կին պատգամավորը Սիրիայի խորհրդարանում. ովքեր կներկայացնեն հայերի ձայնը

18 Ապրիլ, 2016 10:44
Առաջին հայ կին պատգամավորը Սիրիայի խորհրդարանում. ովքեր կներկայացնեն հայերի ձայնը
Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանական ընտրությունների Բարձրագույն դատական հանձնաժողովը հրապարակել է ամփոփել է խորհրդարանակ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, Ժողովրդական խորհուրդում սիրիահայ համայնքը կներկայացնեն երկու հայ պատգամավորներ:
 
Նրանք են Ժիրայր Ռեիսյանը և Նորա Արիսյանը: Ժիրայր Ռեիսյանը Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի պատասխանատուն է, իսկ Նորա Արիսյանը Արաբ գրողների միության միակ հայ անդամն է, Դամասկոսի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնի պատասխանատուն: Նորա Արիսյանը մասնագիտությամբ պատմաբան է, մի շարք մենագրությունների և թարգմանական գրքերի հեղինակ:
 
Ընտրությանը մասնակցել է Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակչության 57,56 տոկոսը: Նշենք, որ նախորդ խորհրդարանում սիրիահայ համայնքը ներկայացված չի եղել:
 
Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացնում է, որ Նորա Արիսյանը Սիրիայի խորհրդարան ընտրված առաջին հայ կին պատգամավորն է: Ինչպես նշել է Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում՝ պետք է հաշվի առնել, որ Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծամասամբ ձևական բնույթ էին կրում՝ որպես հիմնական նպատակ ունենալով երկրում օրենսդրական բաց թույլ չտալու հանգամանքը, քանի որ ներկա խորհրդարանի գործողության ժամկետը լրանում է արդեն մոտ օրերս:
 
Նա նաև նշում է, որ այս ընտրությունների օրինականությունը չի ճանաչվել ինչպես սիրիական արմատական ընդդիմության, քրդական կառույցների, այնպես էլ՝ բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների կողմից, քանի որ դրանք անց են կացվել զինված հակամարտության պայմաններում, առանց միջազգային դիտորդական առաքելությունների գործունեության, ինչպես նաև՝ սիրիական հակամարտության կարգավորմանը միտված ժնևյան գործընթացին զուգահեռ:
 
Ինչևէ, հայ պատգամավորների ներկայությունը սիրիական խորհրդարանում հնարավորություն է ՝ գոնե քարոզչական հարթակում որոշակի քայլեր իրականացնելու համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին