Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Իմ զինվորից զանգ չկա…

18 Ապրիլ, 2016 10:25
Իմ զինվորից զանգ չկա…

Մեքենան Ստեփանակերտից դուրս եկավ: Հնարավորինս արագ հասնել էր պետք Թալիշ. թե տեղում շտապ անելիք կար, թե հապաղել չէր կարելի՝ ճանապարհը մարտական թեժ կետերից մեկն է, որ անընդհատ արկակոծվում է: Հակառակորդի կողմից նետված յուրաքանչյուր գնդակ կարող էր մեզ ոչնչացնել…

Մարդկային էգոիզմը չափ չունի: Երբ դեռ ճանապարհին եմ, մտովի պայքարում եմ կյանքիս համար ու ընտրում առավել հարմար դիրք, որ որեւէ անակնկալ կրակոցից փրկվեմ: Հետեւի նստատեղին եմ: Մտքերիցս կուչ եմ գալիս, փոքրիկ մի գունդ դառնում ու լսում բացառապես սրտիս թփթփոցը… Սթափվում եմ ավելի քաջ ուղեկիցներիս՝ վարորդիս ու օպերատորիս ձայնից՝ Արմինե, հեռախոսդ անջատիր…

Ստեփանակերտից դուրս, որոշակի հատվածից սկսած՝ չի կարելի զրուցել հեռախոսով: Հակառակորդը, տվյալ դեպքում, ավելի արագ է որսում քո տեղն ու ավելի դիպուկ կրակում: Այս դեպքում՝ յուրաքանչյուր զանգ, յուրաքանչյուր հեռախոսային բառ աշխատում է քո դեմ:

Հասնում ենք Թալիշ՝ կիսաքանդ բնակավայր, որտեղ ուժեղացված հսկողություն է իրականացվում: Զիվորականներին նկարահանել չի կարելի, գյուղը մեր տրամադրության տակ էր: Գյուղ, որ սրբված էր մահվան ձեռքով…

Մահվան հոտ էր գալիս ամեն ինչից՝ այդպես էլ չչորացած լվացքից, հողերի մեջ ընկած խաղալիքից ու նույնիսկ չաղլիկ հորթից, որ, երեւի թե, չէր հասկանում, թե ինչու  իր մայրը 2 օր է տեղից չի շարժվում ու կաթն էլ ցամաքել է…

Բնազդաբար ձեռքս հեռախոսիս եմ տանում՝ նկարել եմ ուզում: Ուղեկցող զինվորը արագ հիշեցնում է՝ չխոսես հեռախոսով, առավել եւս, չասես՝ որտեղ ես….

Տասնյակ ծնողներ ու ուղղակի սրտացավ մարդիկ վերջին օրերին փնտրում են իրենց զինվորներին: Չկան տղաները: Այլեւս չկա էլ անհայտ կորածների ցանկ, որտեղ կարելի է փնտրել հարազատի անունը: Սպասումն ու անհայտությունը կրծում  են բոլորիս նյարդերը, սղոցում զգացմունքային բոլոր լարերը, ստիպում մտածել վատագույնը…

Ես բնավ ռազմական որեւէ գաղտնիք չգիտեմ, որ կարող է լուր պարունակել կորածների մասին, բնավ որեւէ մեկի պատվերով չեմ գրում այս տողերը, բայց մեկ խորհորդ ունեմ՝ պետք չէ օրեր շարունակ զանգ չստանալու դեպքում՝ հուսահատվել: Միգուցե ձեր զինվորը դեռ դիրքերում է, միգուցե ձեր զինվորը դեռ այնպիսի կետում է, որտեղ արգելված է հեռախոս ունենալ կամ կապի դուրս գալ… Էլ չասեմ, որ կան բնակավայրեր, որ հոսանքազրկված են ու, հետեւաբար այլեւս լիցքաթափված են բոլոր տեսակի հեռախոսները…

Վերջակետ դնելուց առաջ, մի բան էլ նշեմ: Ապրիլի 5-ն էր: Ստեփանակերտում Պաշտպանական բանակի օպերատիվ շտաբի հերթական ասուլիսն էր, երբ տեղեկացանք, որ մերոնք գաղտնալսել են ադրբեջանցի մի կնոջ հեռախոսազրույց, որից պարզ էր դառնում, որ այնտեղ դիակներն այնքան շատ են, որ փայտերի պես բարձում  են մեքենաները…

Յուրաքանչյուր նման զանգ յուղոտ պատառ է ցանկացած կողմի համար: Ադրբեջանը եւս գաղտնալսում է մեր խոսակցություններն ու հրապարակում: Փոխանցում եմ ՀՀ ՊՆ-ի  խնդրանքը՝ հեռախոսով մի քննարկեք ռազմական թեմաներ. յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր խոսք կարող է աշխատել մեր ու մեր տղաների դեմ:

Արմինե Ավետիսյան

________________________________

Լրահոս

Դիտել ավելին