Կարևոր իրադարձություններ

Ընտրատեղամասերը փակվել են. Քաղաքապետների ընտրություններին մասնակցության թվերը հայտնի է

17 Ապրիլ, 2016 22:08
Ընտրատեղամասերը փակվել են. Քաղաքապետների ընտրություններին մասնակցության թվերը հայտնի է

Հրազդանում, Թալինում եւ Սպիտակում ժամը 20:00 դրությամբ քաղաքապետի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, ընտրատեղամասերը փակվել են:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընտրություններին մասնակցել է  24.911 ընտրող կամ ընտրողների 56. 21  տոկոսը: Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 44 հազար 320:

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր` ապրիլի 17-ին, ընթացող քաղաքապետի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 7664 ընտրող կամ ընտրողների ` 57.72  տոկոսը: Սպիտակում ընտրողների ընդհանուր թիվը 13 հազար 278-ն է:  

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 3309   ընտրող կամ ընտրողների 62.48 տոկոսը:

Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:

Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:

Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։

Նշենք նաեւ, որ այսօր՝ ապրիլի 17-ին, ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել ընդհանուր առմամբ 33 համայնքներում։

 

Լրահոս

Դիտել ավելին