Կարևոր իրադարձություններ

«Միդիա-Շանգալ»-ի ղեկավարը ուրախ է Իրաքի եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար

17 Ապրիլ, 2016 21:00
«Միդիա-Շանգալ»-ի ղեկավարը ուրախ է Իրաքի եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար

Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանն իր ուրախությունն է հայտնել Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի կառուցման կապակցությամբ։ Ամո Շարոյանն «Արմենպրես»-ին հղած հաղորդագրությունում նշել է. «2016թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ, ինչու չէ՝ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական իրադարձություն է: Պատմական է, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևան քաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:

Ստեղծագորության հիմնական մոտիվը «Մոր» կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում է մեր ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը մանկան հետ լուսնի թիկունքում թաքնվող արեգակի, եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշի ֆոնի վրա, որտեղ լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին:

Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է: Այն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան Շանգալ: Արևի ներքևի մասում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների «Լալշա Նուրանի» սրբատեղին, որը մենք՝ եզդիներս, Աստծո դրախտ ենք համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, այն ևս մեկ անգամ բարձրաձայնում է Օսմանյան կայսրությունում իրակա նացված մեր ժողովուրդների ցեղասպանության մասին և խնդիր է դնելու, որ Թուրքիան, ինչքան էլ ուրանա կատարած ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի և ամբողջ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունները:

Իրաքի եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ոճրագործության: ԻՊ-ի հրեշներն եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազներում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

2014թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բ.Օբաման ասաց, որ պետք է կանխել Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ն ԻՊ ահաբեկչական խմբավորումը մեղավոր ճանաչեց և նրանց ոճրագործությունը եզդիների նկատմամբ որակեց որպես ցեղասպանություն, նաև կոչ արեց Հաագայի միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Զեկույցում նշվում է նաև, որ իսլամիստների վերաբերմունքը եզդիների նկատմամբ նման է հին համայնքը վերացնելու գիտակցված ցանկության:

Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստան աշխարհը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայսատանյան խմբեր: ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:

Ինչ վերաբերվում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանն, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվադեպ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք աչքի լույսի պես: Եզդիները սրբությամբ պահել ու պահպանել են և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Աշխարհը մենք, այսքան դաժանություն, ցավ անպատժելիություն, բռնություն չպետք է տեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր նու յնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության ընթացքում: Չէին տեսնում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին: ԻՊ-ի դաժանությունները միայն դաժանություն չեն, մարդկության ամբողջական կորուստ են: Դաժան պատմությունը վկայում է, որ 2014թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016թ. ապրիլի 2-ը կարծես թե այս ամենի շարունակությունն էր նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար, նրանց առջև վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը: Այս հուշարձանն ոգեկոչում է նաև մեր Արց ախի զոհված զիվորների հիշատակը:

Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը, ինչպես ասում է մեր նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել:

Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարվում եմ նրանց հիշատակի առջև»:

 

Լրահոս

Դիտել ավելին