Կարևոր իրադարձություններ

«Լևոն Հայրապետյանի կալանավորումը՝ Արցախի «մեջքը» կոտրելու պես մի քայլ». ակցիա՝ ի պաշտպանություն բարերարի

17 Ապրիլ, 2016 20:25
«Լևոն Հայրապետյանի կալանավորումը՝ Արցախի «մեջքը» կոտրելու պես մի քայլ». ակցիա՝ ի պաշտպանություն բարերարի

Ինչպես հայտնի է, Մոսկվայի դատարանը հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք,որ նա մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել առ այն, որ բարերարի կյանքին վտանգ է սպառնում ռուսական բանտային պայմաններում, քանի որ նա տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Ապրիլի 19-ին՝ ժամը 13.00-ին, նախատեսվում է ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Past.am-ի հետ զրույցում նախաձեռնողներից Արմեն Մկրտչյանը նշեց, որ մեկ տարուց ավելի ձգվող դատավարությանը ողջ հասարակությունն ուշադրությամբ հետևում է:

Մկրտչյանի խոսքով՝ դատավճիռը բազմաթիվ քաղաքացիների զայրույթն է առաջացրել, որովհետև, ըստ մեր զրուցակցի, այս պատերազմական դրության մեջ Լևոն Հայրապետյանը պետք է Արցախին և հայ ժողովրդին:

«Դա շատ վտանգավոր քայլ էր՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ: Չգիտեմ՝ որքանով է հասարակությունը ծանոթ Հայրապետյանի ծրագրերին, բայց նա հանդես է եկել Արցախում ծնելիության աճին միտված քայլերով: Հիշո՞ւմ եք 700 զույգերի պսակադրությունը, դրանից հետո Ռազմական ակադեմիայի ստեղծման նախաձեռնություն արեց, Գանձասարի հետ կապված բազմաթիվ ծրագրեր, այսինքն՝ Լևոն Հայրապետյանը մարդ է, ով Արցախին կենդանություն ու շունչ է տվել և շարունակում է տալ: Հենց այս պահին մարդու հանդեպ կալանավորման որոշում կայացնելը, փաստորեն, Արցախի «մեջքը» կոտրելու պես մի քայլ դարձավ»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Ապրիլի 19-ին ակցիայի մասնակիցները հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց և շարժվելու են արտգործնախարարություն, հետո Ռուսաստանի դեսպանատուն:

«Այդ երկու կառույցներին որոշել ենք նամակներ հանձնել: Արտգործնախարարությանը, որովհետև այդ «կորած» կառույցը պետք է առաջինն արձագանքեր և ձայն բարձրացներ խնդրի շուրջ, սակայն այս դեպքում, ինչպես մյուս խնդրահարույց դեպքերում, արտգործնախարարությունը «գետնի տակ» է անցել: Մեր պահանջն է, որպեսզի նրանք իրենց ռուս գործընկերներին դիմեն, իսկ Ռուսաստանի դեսպանատանն ուղղված մեր պահանջն է լինելու վերացնել կալանավորման որոշումը և Լևոն Հայրապետյանին ազատ արձակել»,- նշեց Ա. Մկրտչյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին