Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Եվրատեսիլ-2016-ի բեք-վոկալների անունները

17 Ապրիլ, 2016 19:35
Հայտնի են Եվրատեսիլ-2016-ի բեք-վոկալների անունները

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային LoveWave երգը կներկայացնի 5 բեք-վոկալների հետ: Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին և 14-ին Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը և  LoveWave  երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն:


Լիլիթ Նավասարդյանը, անդրադառնալով բեք-վոկալների ընտրման գործընթացին, նշում է, որ բավական դժվար ընտրություն է իրականացվել, քանի որ երգում մի քանի բարդ հատվածներ կան, որոնց կատարումը քիչ երգիչներին էր տրվում: «Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված և բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր երգչուհիներին ընտրությանը մասնակցելու համար:


Մաշա Մնջոյանը միանգամից հավանել է LoveWave  երգը, քանի որ այն իր կառուցվածքով և հնչողությամբ ստանդարտ չէ, նման չէ այլ երկրների կողմից ներկայացվող երգերին: «Իսկ ինչ վերաբերում է իմ ստացած զգացողություններին, ապա երաժշտական առումով պայքար եմ պատկերացնում... բարձունք, իսկ այդ բարձունքին ձգտում ենք բոլորս»,- նշում է Մաշա Մնջոյանը:


Անուշիկ Տեր- Ղուկասյանի հոգում խառնաշփոթ և շատ տարբեր, երբեմն նույնիսկ հակասական զգացողություններ է առաջացրել երգը: «Հեռու-հեռու, իրականությունից կտրված կամ մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում այս երգը, որն իր ձևով և ոճով միանշանակ տարբերվում է այլ երգերից: Այն վստահաբար կգնահատվի ե՛ւ եվրատեսիլյան ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից»,-նշում է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:


Քրիստինա Մանգասարյանը երգն առաջին անգամ լսելիս ազատության և մեծ բաց տարածության տպավորություն է ստացել: «Տիեզերքը մոտ և հեռու էր միաժամանակ, աննկարագրելի զգացողություն էր: Հույս ունեմ, որ երգը իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- նշում է Քրիստինա Մանգասարյանը:


Սոնա Գյուլխասյանը յուրաքանչյուր անգամ երգը կատարելիս նոր զգացողություններ և էմոցիաներ է հայտնաբերում իր համար: «Երգն իսկապես մեծ էներգետիկա ունի իր մեջ, որը եվրատեսիլյան բեմից առավելագույն կերպով կփորձենք փոխանցել մենք: Իսկ մեր էներգիան որևէ մեկին չի շրջանցի»,- հավելում է Սոնա Գյուլխասյանը:


«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ ընթացքում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին