Կարևոր իրադարձություններ

Ալիևը 100 հազար դոլար է վճարել լոբբիստներին Ջոն Քերրիի հետ հանդիպման համար

17 Ապրիլ, 2016 11:16
Ալիևը 100 հազար դոլար է վճարել լոբբիստներին Ջոն Քերրիի հետ հանդիպման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման կազմակերպման վրա աշխատել է «Podesta Group» լոբբիստական ընկերությունը: Այս մասին հաղորդում է NovostiNK.ru-ն` հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր «Мeydan-TV» համացանցային հեռուստատեսությանը, որն էլ իր հերթին հղում է անում ադրբեջանական «Թուրան» գործակալությանը:

Այսպես, Ադրբեջանի նախագահի` ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չքննադատեցին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վատթարացման, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի փակման փաստը:

Համաձայն հրապարակման, Բաքուն օգտվել է լոբբիստական խմբերի ծառայություններից, որոնք մեծ ջանքեր են գործադրել Ալիև-Քերրի հանդիպումը կազմակերպելու համար:

«Չնայած Ալիևի այցը կապված էր ԱՄՆ-ում ընթացող Միջուկային անվտանգության գագաթաժողովի հետ, սակայն հանդիպումը հնարավոր դարձավ Բաքվում գտնվող «Podesta Group» ընկերության ներկայացուցչության հետ գործարքի կնքման միջոցով»,- նշվում է հրապարակման մեջ:

Մասնավորապես նշվում է, որ այդ լոբբիստական խումբը, որի ծառայությունների արժեքը կազմել է ամսական 50 հազար դոլար, երաշխավորել է ադրբեջանական իշխանությունների հանդիպումը Վաշինգթոնի ազդեցիկ մարդկանց հետ:

«Երբ Ալիևը այցելեց Վաշինգթոն, Ադրբեջանի դեսպանությունը շտապեց լրացուցիչ ծառայությունների համար «Podesta Group»-ի հետ կնքել 70 հազար դոլար արժողությամբ նոր պայմանագիր»,- գրում է կայքը` հավելելով, որ ըստ Պետքարտուղարության տվյալների, լրացուցիչ լոբբիստական ծառայությունները պետք է ցուցաբերվեն ապրիլի 6-ից մինչև հուլիսի վերջը:

«Podesta Group»-ի ներկայացուցիչները, որի ղեկավարներն են Թոնի և Ջոն Փոդեսթաները, հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը:

Թոնի Փոդեսթան մասնակցել է Հիշարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին, իսկ Ջոն Փոդեսթան Բարաք Օբամայի նախկին խորհրդականն է եղել, նաև գլխավորել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավը:

Ըստ ամերիկյան «Foreign Policy» ամսագրի, Ադրբեջանի կառավարության և նրա ամերիկյան լոբբիստների գրանցված փաստաթղթերի համաձայն, Ադրբեջանը առնվազն 4 միլիոն դոլար է ծախսել միայն 2014 թ-ին: 2015 թ-ի փետրվարին Ադրբեջանը մեծացրել է իր գլխավոր լոբբիստական խմբի` «Podesta Group»-ի ամսեկան հոնորարը մինչև 75 հազար դոլար:

Operativ.am

Լրահոս

Դիտել ավելին