Կարևոր իրադարձություններ

Առերեսվել են Վահան Շիրխանյանն ու Հայր Անտոն Թութունջյանը

16 Ապրիլ, 2016 16:22
Առերեսվել են Վահան Շիրխանյանն ու Հայր Անտոն Թութունջյանը
Օրերս տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և սուն գործով մեղադրյալ «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի առերեսումը:
 
Shabat.am-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն անդրադարձավ ցուցմունքներում առկա անհամաձայնություններին:
 
«Հակասությունները հիմնականում վերաբերվել են հանդիպումների վայրի և անձանց շրջանակների հետ՝ թե ինչ խոսակցություններ են ունեցել նրանք այդ հանդիպումների ընաթացքում, ինչ հարցեր են քննարկվել»,-ասաց Ոսկանյանը:
 
Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան:
 
Պաշտպանը նշեց, որ Վահան Շիրխանյանը նոր ցուցմունք չի տվել, այս ամբողջ ընթացքում նա մի ցուցմունք է տվել՝ նշելով, որ ճանաչում է զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին եւ այդ գործով կալանավորված հայր Անտոն Թութունջյանին:
 
Ոսկանյանը տեղեկացրեց նաև, որ բացի առերեսումից, Շիրխանյանի մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի կատարվել:
 
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին; Շիրխանյանը նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված`ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին