Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը ապրիլի 15-ին միաձայն բանաձև է ընդունել, որում վրացի պատգամավորները Ռուսաստանին կոչ են անում ազատ արձակել ուկրաինացի մարտական օդաչու ու պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին։
Օրինագծի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, այն նախաձեռնել է ընդդիմադիր Ազատ դեմոկրատներ կուսակցությունը։ Սավչենկոն 2014 թվականից գտնվում է ռուսական բանտում և վերջերս դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։
Վրաստանի խորհրդարանն իր բանաձևում մտահոգություն է հայտնել Սավչենկոյի առողջական վիճակի համար՝ կապված հացադուլ անելու հետ։
Վրաստանի խորհրդարանն ընդգծել է, որ Ռուսաստանն իրավասու չէ ձերբակալել ու դատել Ուկրաինայի քաղաքացուն՝ ենթադրյալ այն հանցանքների համար, որոնք նա գործել է Ուկրաինայի տարածքում։
Վրաստանի խորհրդարանը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Սավչենկոյին ու Ուկրաինայի մյուս քաղաքացիներին, որոնց ապօրինաբար ձերբակալել են երկրում։