Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

«Վստահ եմ՝ ինչ էլ լինի՝ իմ կողքին ա լինելու». ընկերուհին չգիտի, որ սիրած տղան վիրավոր է

16 Ապրիլ, 2016 13:54
«Վստահ եմ՝ ինչ էլ լինի՝ իմ կողքին ա լինելու». ընկերուհին չգիտի, որ սիրած տղան վիրավոր է

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ հակառակորդի ականի պայթյունից վիրավորված զինծառայող Էդիկի ընկերուհին չգիտի, որ ընկերը վիրավոր է ու Երևանում է:

«Ամեն օր խոսում եմ հետը, որ չջոկի»,-ասում է Էդիկը:

Զինվորը հպարտությամբ է պատմում՝ հակառակորդին արժանի պատասխան հարվածը տվել են. «Ու միշտ պատրաստ ենք ցանկացած պահի, ցանկացած պայմաններում հակառակորդին ետ մղելու՝ ինչ գնով էլ լինի, թեկուզ, կյանքի գնով»,-վստահեցնում է նա:

Չնայած ստացած վերքերին՝ Էդիկը խնդրում է չասել, որ ինքը վիրավոր է. «Ես չեմ մտածում, որ ես վիրավոր եմ»,-ասում է նա ու պատմում, թե ինչպես են իրեն ու ծառայակից ընկերներին օգնության հասել:

«Ազգս, ով ինչ ձևով կարող էր, փորձում էր օգնել հայ զինվորին, իսկ դա ամենաշատն է մեզ դուխ տալիս, ոգեշնչում ու թույլ տալիս չվհատվել»,-հիշում է Էդիկը:

4 օր հակառակորդի դեմ անխնա կռիվ տված տղան նշում է ՝ երբեք չի մտածել, որ կարող է վիրավորվել կամ զոհվել. «Միշտ մտածել եմ թեկուզ կյանքի գնով հայրենիքս պաշտպանեմ ու հիմա էլ մտածում եմ, թե երբ եմ ապաքինվելու, որ բարձրանամ դիրքեր՝ տղերքի մոտ»,-ասում է նա ու կոչով դիմում իր հետ հավասար պայքար տված ծառայակից ընկերներին. «Տղերք, իմացեք, թեկուզ վիրավոր եմ, բայց միշտ ձեր կողքին եմ լինելու ու դուք դրա մասին լավ գիտեք»:

Ի դեպ, բացի քաջ լինելուց, Էդիկը նաև շատ գաղտնապահ է: Հարցնում եմ՝ սիրած աղջիկ ունե՞ս, ասում է՝ հա, բայց. «Չեմ ասել, որ վիրավոր եմ, ամեն օր նույն ռեժիմով խոսում եմ հետը, որ չջոկի»,-ժպտում է գաղտանապահ զինվորն ու իմ դիտարկմանը՝ բա ո՞ր իմ հրապարակած տեսանյութը պատահմամբ նայի ու իմանա, ասում է. «Դե, ճիշտ համարեցի, որ չասեմ: Ոչինչ, գիտեմ, դժվար ա տանելու, բայց նաև վստահ եմ՝ ինչ էլ լինի՝ իմ կողքին ա լինելու»,-վստահ է Էդիկը:

Թե սիրած աղջկան, թե ծնողներին շատ է կարոտել, բայց եթե սիրած աղջկան դեռ չի ասել իր՝ վիրավոր լինելու մասին, ապա ծնողներն արդեն գիտեն. «Շատ եմ կարոտել ծնողներիս: Էստեղ չեն, Ռուսաստանում են, բայց վաղը գալու են»,-ուրախությամբ ասում է զինվորը:

Հ.Գ. Տեսանյութը չենք հրապարակում՝ հույսով, որ Էդիկն ինքն անձամբ կպատմի ընկերուհուն այս ամենի մասին:

Լրահոս

Դիտել ավելին