Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի հայ համայնք. Սփյուռքը Հայ ժողովրդի թիկունքին է

16 Ապրիլ, 2016 12:13
ԱՄՆ-ի հայ համայնք. Սփյուռքը Հայ ժողովրդի թիկունքին է

Միացյալ Նահանգների հայ համայնքը օգտագործում է ամերիկյան ժողովրդավարության կողմից ընձեռված բոլոր միջոցները՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար,«Ամերիկայի Ձայն»ին պատմում են ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Սփյուռքի աշխատանքը կարևոր է Հայաստանի համար.

«Եթե մենք մեր գործի բաժինը լավ կատարենք և ձեռք ձեռքի տված պաշտպանենք Հայաստանը, ապա, հույս ունեմ, մեզ կհաջողվի կանխել հակամարտությունները և թույլ չտալ, որ մարդիկ զոհվեն»:

Արամ Համբարյանն ընդգծում է, որ Ամերիկայի հայ համայնքը միասնական է՝ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում՝ ԱՄՆ-ի իշխանություններին նամակներ և դիմումներ ուղղելով և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար գումարներ հավաքելով:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կողմից նախատեսում է դիմել երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ պահանջելով վերականգնել Ադրբեջանին օգնությունն արգելող 907 բանաձևը և ամերիկյան փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որը կպարզի տեղի բնակիչներին հասցված վնասը և դրա փոխհատուցման միջոցները:

«Այս բախումների կանխման գործում Հայաստանի հայերը աջակցություն կգտնեն ի դեմս Ամերիկայի հայերի, ընդհանրապես, աշխարհի բոլոր հայերի: Չմոռանանք, որ այսքան ժամանակ մենք ենք աջակցություն գտել Հայաստանում», – նշում է Համբարյանը:

Հայ համայնքի լուրջ համախմբվածութան մասին է ընդգծում նաև Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին.

«Աջակցության աստիճանն աննկարագրելի է. մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում: Անհավատալի է, ինչպիսի արագությամբ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կարողացան համախմբվել մեկ նպատակի շուրջ»:

Արդունիի խոսքով, ԱՄՆ-ի հայ համայնքը օգտագործելու է ժողովրդավար հասարակության յուրաքանչյուր հնարավորություն՝ իրավիճակը կարգավորելու և խաղաղություն հաստատելու նպատակով: Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին վերականգնել 907 բանաձևը և տեղում մարդու իրավունքների խախտումների հետաքննություն անցկացնել.

«Մենք պահանջելու ենք, որ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները մանրամասն հետաքննվեն և ուժեղացվի Մինսկի խմբի դերը, որն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ կվերադարձնի»:

Բրայըն Արդունիի խոսքով, Սփյուռքի կազմակերպությունները գործում են նաև անհատապես՝ յուրաքանչյուրն իր ոլորտում փորձելով արդյունքների հասնել.

«Ինչ վերաբերում է Սփյուռքի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերություններին, կարծում եմ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածն է՛լ ավելի ամրապնդեց այդ կապը»:

Ամերիկայի հայ համայնքի կազմակերպությունների ղեկավարներն այս օրերին հանդիպումներ են անցկացնում Սպիտակ տան, Պետքարտուղարության ազդեցիկ պաշտոնյաների, ինչպես նաև կոնգրեսականների հետ:

Նշենք նաև, որ ադրբեջանամետ գործիչների կարծիքով, ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներին զրկում է տուն վերադառնալու հնարավորությունից:

Միացյալ Նահանգների գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց կողմից բազմիցս ընդգծել են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները:

Լրահոս

Դիտել ավելին