Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանի կինն այցելել է տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

15 Ապրիլ, 2016 22:56
Սեյրան Օհանյանի կինն այցելել է տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Ապրիլի 14-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բժշկական կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանն այցելել են Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ՝ տեսակցելու ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և այդ կենտրոններում բուժում ստացող զինծառայողներին:

Այցի նպատակն էր նաև բժիշկների հետ քննարկել, գնահատել զինծառայողների առողջական վիճակը, մատնանշել բուժման հետագա ուղղությունները:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում են ստանում ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Աթալյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Դավիթ Սահակյանը:

Կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Հովսեփ Միրոյանը, տեղեկություններ հաղորդելով վիրավորների առողջական վիճակի մասին, նշեց, որ զինծառայողներն ունեն աչքի բեկորային վիրավորումներ: Նրանք համապատասխան բուժում են ստանում, և առողջական վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել:
Ի դեպ, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Աթալյանը ներկաների հետ զրույցի ժամանակ պատմեց, որ վիրավորվելուց հետո նաև առաջին օգնություն է ցուցաբերել ծառայակից ընկերոջը՝ դադարեցնելով արյունահոսությունը: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը գոհունակությամբ նկատեց, որ մեր հերոս զինվորները տիրապետում են նաև ինքնօգնության և փոխօգնության կանոններին և կարողացել են այդ հմտությունները կիրառել նաև գործնականում:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում են ստանում կապիտան Արսեն Առաքելյանը և պահեստի փոխգնդապետ, ազատամարտիկ Գևորգ Ազոյանը: Գնահատելով նրանց առողջական վիճակը՝ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բժիշկ Գագիկ Ներսիսյանը նշեց. «Մեր հիվանդներն ընդունվել են ծանր շոկային վիճակում՝ մարմնի 35 տոկոս 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, վերին շնչուղիների 5-10 տոկոս այրվածքներով, բազմաբեկորային վիրավորումներով: Բուժման արդյունքում այս պահին նրանց վիճակը կայուն է: Շոկից արագ դուրս են եկել, վիրակապությունները կատարվում են ամեն օր: Դրական տեղաշարժն ակնհայտ է»:

Վիրավորներին տեսակցելուց հետո այցի մասնակիցները Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանի հետ քննարկեցին բազմաբնույթ հարցեր՝ հիվանդների առողջական վիճակի, բուժման ընթացքի և այլ խնդիրների, ինչպես նաև ժամանակակից զինատեսակների հետևանքով հնարավոր ծանր, համակցված այրվածքային վիրավորումների բուժման առանձնահատկությունների վերաբերյալ:

«Աստղիկ» բժշկական կենտրոն

«Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժվում են ազատամարտիկ Կարո Համբարձումյանը և սերժանտ Հայկ Սեխլիյանը: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Հախեյանը նշեց, որ ազատամարտիկը ստացել է գլխի բազմաբեկորային վիրավորում: 2 անգամ վիրահատվել է (ևս մեկ անգամ Ստեփանակերտում), այժմ էլ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Սերժանտ Հայկ Սեխլիյանն էլ ստացել է ողնաշարի բեկորային վիրավորում: Նա ևս համապատասխան բուժում է ստանում, քննարկվում են նաև վերականգնողական բուժման հնարավորությունները:

«Էրեբունի» բժշկական կենտրոն

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում են ստանում ենթասպա Էրիկ Բաբայանը, կապիտան Վալերիկ Մեհրաբյանը, շարքային Ռուբեն Առաքելյանը, կրտսեր սերժանտ Արման Լազգիյանը, կրտսեր սերժանտ Վահե Մելիքսեթյանը, շարքային Անդրեյ Վարդումյանը, շարքային Արթուր Արզանգուլյանը:
Վիրավորներին տեսակցելուց հետո ներկաները բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում հետաքրքրվեցին նրանց բուժման գործընթացով, առողջական վիճակով, ինչպես նաև հանդիպեցին զինծառայողների հարազատներին և նրանց սատարելու, զորավիգ լինելու առումով իրենց պատրաստակամությունը հայտնեցին:
Նշենք նաև, որ բուժհաստատություններ այցելությունները կլինեն շարունակական:

Հ.Գ: Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին,

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանին,
«Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին,

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մանուկյանին
և այս բուժհաստատությունների բուժանձնակազմերին՝ ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին սատարելու, վիրավոր զինծառայողների նկատմամբ բարձրակարգ մասնագիտական բուժսպասարկում իրականացնելու, սրտացավ ու ազնիվ վերաբերմունքի և հոգատարության համար:

12983246_638813869605213_3901243613653125942_o

12898257_638813832938550_1797709950696433510_o

12973108_638813712938562_617346564485096015_o

13015225_638813549605245_2838933052766256060_n

12998374_638813309605269_631171234058031711_o

12970910_638813279605272_6273752559806607969_o

12998384_638813179605282_3005809530109944903_o

13029603_638813109605289_1481302767472809568_o

12998264_638813072938626_6320552892430174081_o

 

Լրահոս

Դիտել ավելին