Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի շնորհավորել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ

15 Ապրիլ, 2016 22:02
Սերժ Սարգսյանի շնորհավորել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ

 

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

«Հարգելի´ պարոն Սեդրակյան,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով:


Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ և հայրենապաշտ գործունեությամբ և օգնել դիմակայելու տարբեր ժամանակներում մեր ազգին նետված մարտահրավերների աշխարհի տարբեր անկյուններում:


Իր ողջ գոյության ընթացքում Բարեգործականը եղել և շարունակում է մնալ հայապահպանության հենասյուներից մեկը։ Դրա վառ վկայությունն են այն ծրագրերը, որոնք իրականացրել և իրականացնում է ՀԲԸՄ-ն Հայաստանում, սփյուռքում և Արցախում:


Այս հոբելյանը դիմավորում ենք նոր և ծանր մարտահրավերների դիմակայելով. հայրենիքի շուրջ և սփյուռքում տեղի ունեցող իրադարձություները բոլորիս առջև նոր հիմնախնդիրներ են դրել։ Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք զգոն չլինելու, և որ մեր ժողովրդի անվտանգության դեմ ոտնձգություններին դիմագրավելու միակ ճշմարիտ ուղին մեր համախմբված և միասնական լինելն է: Այս գործելաոճով է միշտ առաջնորդվել ՀԲԸՄ-ն:


Հարգարժա´ն պարոն Սեդրակյան,


Վստահ եմ, որ այսուհետ ևս Ձեր ղեկավարած կառույցն անշեղորեն շարունակելու է իրականացնել ազգանվեր նոր ձեռնարկներ՝ ի նպաստ մեր համազգային խնդիրների լուծման:


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին այս նշանակալի տարեդարձի առթիվ:


Թող այս հոբելյանը Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր մասնաճյուղերի և ողջ հայ ժողովրդի համար լինի բարություն, ջերմություն և խաղաղություն սփռող յուրօրինակ ազդակ:


Մաղթում եմ Ձեզ և կառույցի բոլոր անդամներին բեղուն աշխատանք, անսպառ եռանդ՝ ի նպաստ հայ ժողովրդի լուսավոր ապագայի և ի փառս հայրենիքի:
 

Լրահոս

Դիտել ավելին