Կարևոր իրադարձություններ

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 177 հազար միգրանտներ

15 Ապրիլ, 2016 22:17
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 177 հազար միգրանտներ

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 177 հազար միգրանտներ ու փախստականներ: Դրա հետ մեկտեղ 732 մարդ զոհվել կամ անհետ կորել է եվրոպական երկրներ հասնելու փորձ անելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

Նրա տվյալներով՝ հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 13-ը ժամանածների ընդհանուր թիվը կազմել է 177 հազար 207: Հունաստան է ժամանել 153 հազար 362, Իտալիա՝ 23 հազար 170, Իսպանիա՝ 648, Կիպրոս՝ 28 մարդ:

ՄՄԿ-ն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ օրական Հունաստան ժամանած միգրանտների ու փախստականների թիվը վերջին շաբաթներին նվազել է: Միեւնույն ժամանակ աճ է դիտվում Իտալիայում: Ավելի քան 5,5 հազար մարդկանցից, որոնք վերջին երեք օրերին Միջերկրական ծովով հասել են Հին Աշխարհ, միայն մի քանի հարյուրն է բաժին ընկել Հունաստանին:

«Ի տարբերություն Իտալիայի, որտեղ միգրանտների թիվն աճում է, Հունաստանում ակներեւ Է կտրուկ նվազումը. վերջին յոթ օրերին (ապրիլի 8-ից մինչեւ 14-ը) Հունաստան է ժամանել 429 տղամարդ, կին ու երեխա: ՄՄԿ-ի գնահատումներով՝ դա կազմում է 2016 թվականի առաջին հարյուր օրվա ընթացքում օրական միջին ցուցանիշների մեկ երրորդից էլ պակաս մասը»,- ապրիլի 15-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Սակայն ՄՄԿ-ում առայժմ հակված չեն այդ փոփոխությունները կապել միգրացիայի վերաբերյալ ԵՄ-ի եւ Թուրքիայի կնքած համաձայնագրի հետ, քանի որ ներկայում վիճակագրությունը չի վկայում այն սիրիացիների թվի ավելացման մասին, որոնք փորձում են Եվրոպա հասնել Իտալիայի տարածքով: Բրյուսելի եւ Անկարայի միջեւ համաձայնության կնքումից հետո, Միլմանի խոսքով, Հյուսիսային Աֆրիկայով Եվրոպա ժամանող սիրիացիների թիվը «կարելի է մատների վրա հաշվել»: Նա հիշեցրել է, որ 2014 թվականին 40 հազարից ավելի սիրիացիներ են ժամանել Եվրոպա՝ դեպի Իտալիա ճանապարհն անցնելով Եգիպտոսի եւ Լիբիայի տարածքով, եւ չի բացառել նման սցենարի կրկնվելն այս տարի:

Միլման խոսքով՝ ապրիլի առաջին կեսին Հունաստան են ժամանել 1903 միգրանտներ ու փախստականներ: Դա տասն անգամ պակաս է, քան 2016 թվականի մարտի առաջին կեսին (19 հազար 323 մարդ): Միգրանտների ու փախստականների հիմնական մասը ժամանում է հունական Լեսբոս կղզի (50 տոկոսը): Դրան հաջորդում են Խիոսը (30 տոկոս) եւ Սամոսը (9 տոկոս): Ժամանածների մեկ երրորդից ավելին (37 տոկոսը) կազմում են երեխաները: Տղամարդկանց բաժին է ընկնում 42 տոկոսը, կանանց՝ 21 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին