Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ

15 Ապրիլ, 2016 19:50
Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ

Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի հետ ունեցած առանձնազրույցում մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքները:


Մասնավորապես փաստվել է, որ Ադրբեջանի գործողություններում նկատելի է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը Բունդեսթագի նախագահի տեղակալին հայտնել է, որ Ալիևի հանցավոր վարչակազմը տարիներ շարունակ խոսում և գործում էր հակամարտության ռազմական ճանապարհով լուծման մասին, իսկ միջազգային հանրության անհասցե հորդորները, ակնհայտ փաստերի վրա աչք փակելը, այսինքն՝ անպատժելիությունը, հանգեցրին ապրիլի սկզբին տեղի ունեցած ադրբեջանական ռազմական ագրեսիային:

 

Ըստ պարոն Շարմազանովի՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ապացուցել է, որ խնդրի խաղաղ լուծման կողմնակից է, ինչը մշտապես մերժվում է ալիևյան հանցավոր իշխանության կողմից: Մեկ անգամ ևս շեշտելով, որ անկախ, ազատ ու անվտանգ երկրում ապրելու՝ Արցախի ժողովրդի անբաժան իրավունքը հաստատվել է համապետական հանրաքվեով, Էդուարդ Շարմազանովը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային օրակարգի հարց դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցը: Նա նաև նշել է, որ ադրբեջանական իշխանությունն իր հանցավոր գործողություններում, ցավոք, անգամ դաշնակից ունի. Թուրքիան բացահայտ ցուցադրում է իր աջակցությունն ալիևյան հանցագործություններին, որոնք տեղի են ունենում հայկական տարածքներում:


Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը վստահեցրել է, որ Գերմանիան նույնպես հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է, իսկ որպես Մինսկի խմբի անդամ՝ ջանք չի խնայի, որպեսզի ԼՂ խնդիրը նույնպես լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:


Բունդեսթագի փոխնախագահը Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարվա հունիսին Բունդեսթագը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին