Կարևոր իրադարձություններ

Պատերազմը՝ դեղին մամուլի ու շառլատանների դրախտ

15 Ապրիլ, 2016 17:12
Պատերազմը՝ դեղին մամուլի ու շառլատանների դրախտ

Պատերազմն արհավիրք է բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների համար։ Սակայն պատերազմն այն տարօրինակ արհավիրքն է, որը համեմված է լինում հերոսության, ոգու զորության, մարդ տեսակին հատուկ բարձրագույն արժանիքներով, միաժամանակ, ստորության, դիակապտության, շառլատանության բազմաթիվ դրսևորումներով: Դժվար է գտնել որևէ այլ երևույթ, որի մեջ զուգահեռաբար արտացոլվում են մարդկային բնույթի ծայրահեղ հակասական կողմերը։

Պատերազմը նաև յուրօրինակ լյուստրացիա է՝ հասարակության, քաղաքականության ու առանձին գործիչների նկատմամբ։ Մենք բացառություն չենք, քանի որ պատրերազմի ժամանակ ոչ մի տեղ չեն կորչում սեփական PR-ով զբաղվողները, թափված արյունը շահարկողները, իրենց մանր խնդիրը լուծող քաղաքական արկածախնդիրները։ Ոչ մի տեղ չի կորչում դեղին մամուլը, ինչն առավելագույնս տեսանք և շարունակում ենք տեսնել։

Սակայն պատերազմին մշտապես հաջորդում է հրադադարը, որը դառնում այն պղտոր ջուրը, որից իրենց «ձկներն են փորձում բռնել» սոցցանցերով, լրատվամիջոցներով ու դատարկ կոչերով իրենց խոհանոցներում նստած կեղծհայրենասերները։ Վերջիններիս մշտապես անհրաժեշտ են իրենց էության արտահայտման նոխազներ։ Հաճախ տպավորություն է լինում, թե խոհանոցային հայրենասերները մեծագույն ցավ են ապրում ռազմական դրության ու զոհերի բացակայությունից, պատերազմի բացակայությունից։ Մառազմատիկ է հնչում, սակայն որքան էլ տհաճ հնչի, դրանցից խուսափել չի հաջողվում։

Հայ-ադրբեջանական շփման գծում հարաբերական զինադադարը սանձազերծեց տարատեսակ շառլատանների երևակայությունը, խաղաղության ժամանակ Բաքուն գրավողների ռազմատենչ նկրտումները։ «Ֆեյսբուքն» ու սոցցանցերը դարձան այն «ռազմադաշտը», որտեղ իրենց մարտը սկսեցին անհայտ կողմնորոշման «հայրենասերները», գործիչներն ու դեմագոգները։ Պատերազմից հետո սկսվեց մեծ հոսք ոչ ավել, ոչ պակաս դեպի դիրքեր։ Նպատակը մեկն էր՝ սելֆի անել որևէ խրամատի կամ Դ-30-ի հետ։ Granish.org կայքում հրապարակվող բանաստեղծ Կարեն Անտաշյանի և ընկերների կողմից նախաձեռնված «այլերեն» օնլայն բառարանում վերոնշյալ տեսակն իր անվանումը ստացավ՝ «սելֆիդայի»։ Դժվար էր առավել դիպուկ բնորոշում գտնել այս պոպուլյացիայի առանձնյակների համար։ Սակայն հասկանալի է՝ հայաստանյան հասարակության գիտակցի ու ադեկվատ մասը հանդես եկավ այս երևույթի դատապարտող քննադատությամբ։

Բայց պարզվում է, որ բանն այսքանով չէր սահմանափակվում ու քանի որ ակտիվ ռազմական գործողություններ չկային արդեն, վերջին մի քանի օրերին իրենց հազիվ զսպող դեմագոգներն ու պոպուլիստները վերջապես ազատություն տվեցին իրենց բուն էությանն ու նկարտումներին, ի դեպ, այդ ամենն անելով ծայրահեղ անգրագետ կերպով։ Հայտնվեցին անգամ լրատվամիջոցներ, որոնք հստակ պատվեր ստացան պատերազմական իրադրության ֆոնին շահարկել ցանկացած երևույթ այս կամ այն անհատին կամ գործչին սևացնելու համար։ Սոցցանցային կեղծ օգտատերեր «մատից ծծած» հրապարակումներով փորձեցին հակասություններ փնտրել, «բացահայտումներ» անել։ Նմանօրինակ թիրախներում հայտնվեցին լրագրողներ, հասարակական գործիչներ, պարզապես քաղաքացիներ, որոնց հետ ինչ-ինչ խնդիրներ ուներ այս կամ այն խումբը։ Որքան էլ տարօրինակ էր, նման գործելաոճ որդեգրեց նաև երբեմնի երկրորդ հզոր կուսակցության համբավ ունեցող «Բարգավաճ Հայաստանի» բեկորներից մեկին վերագրվող և «Ելք» բազմաբովանդակ անունը կրող լրատվամիջոցը, որը չափազանց անգրագետ ու դեղնավուն հակաքարոզչություն փորձեց անել սոցցանցային ու հասարակական տիրույթներում հայտնի գործչի դեմ՝ կեղծ օգտատիրոջ միջոցով այս գործչին մեղադրելով «սելֆիդայության» մեջ՝ մոռանալով, որ նախ՝ այս գործիչը, ի տարբերություն իրեն սնող կուսակցության բազմաթիվ անդամները, «կամուֆլյաժ» չի հագել ու նկարն էլ ոչ թե սելֆի էր, այլ արվել ու համացանց էր ներբեռնվել մեկ այլ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից։ Սակայն սա ընդամենը մասնավոր դեպք է, որն իրականում վառ կերպով ցույց է տալիս, թե ինչ մանր խնդիրներով կարող է զբաղված լինել խորհրդարանական հանդիսացող կուսակցությունն ու յուր արբանյակ լրատվամիջոցն անգամ պատերազմական իրավիճակում։ Եվ, ցավալիորեն, այս երևույթը միակը չէ, քանի որ պատերազմն ու առավել ևս հրադադարը, հենց այն «պղտոր ջրերն են», որոնցում իրենց մեծ ու փոքր «ձկներին» են փորձում որսալ ճղճիմ նպատակներով ու մանր անձնական խնդիրներով իրենց միտքն ու գործունեությունը լցնող քաղաքական ու լրատվական ինտրիգանները։

 

Լրահոս

Դիտել ավելին