Կարևոր իրադարձություններ

Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել

15 Ապրիլ, 2016 15:04
Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի մուտքի դռան փականը, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նշված տուն և մանկահասակ՝ 5 ամսական երեխայի և նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր:

Տանն առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք երեխայի մորը տեղափոխել են տանը հարակից ավտոտնակ և փակել այնտեղ, ինչից հետո հեռացել են։

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան և կատարվում են անհրադեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին