Կարևոր իրադարձություններ

Կամավորներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տվեք, ու չասեք, թե միջոցներ չունենք. Բախշյանի կոչը

15 Ապրիլ, 2016 13:52
Կամավորներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տվեք, ու չասեք, թե միջոցներ չունենք. Բախշյանի կոչը

Պետությունը պարտավորություն ունի արժանապատիվ ապրելու հնարավորություն տալ կամավորներին, ինչպես նաեւ պահպանել նրանց աշխատավարձը, քանի դեռ սահմանին են: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ապրիլյան հերոսամարտի այս օրերին, որը շարունակվելու է հայտնի չէ՝ որքան, մեր հայրենիքի սահմանները պահող զինվորներն ու կամավոր աշխարհազորայինները հիմնականում տղամարդիկ են, որոնք իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք թողել են իրենց աշխատատեղերը պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին եւ կամավոր պաշտպանում են բոլորիս:

Նրանցից ոմանք ընկան հերոսի մահով ու նրանց ընտանիքները գոյատեւելու շատ լուրջ խնդիրներ ունեն:

Պետությունը պարտավորություն ունի նրանց բոլորի նկատմամբ:

Ձեր կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել

1. Զոհվածների ընտանիքներին արժանապատիվ ապրելու պետական միջոցներ հատկացնելու ուղղությամբ, չեմ ասում անարժանապատիվ «նպաստ», այլ կրկնում եմ՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն:

2. Պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը պահպանելու.

3. Մասնավոր գործատուներին հրահանգելու, որպեսզի նրանք նույնպես պահպանեն կամավորների աշխատավարձերը:

Պարոն վարչապե՛տ, հանկարծ չասեք՝ միջոցներ չունեք, չվարկաբեկե՛ք մեր զոհված հերոսների սուրբ հիշատակը:

Հայաստանի կառավարությունը այս օրհասական պահին գոնե թող ցույց տա, որ ուզում է քավել իր գործած անթիվ մեղքերը:

Գրածս պարզապես մամլո հաղորդագրություն չկարծեք, ես ընդամենը մեր ամբողջ հասարակության պահանջն եմ ձեւակերպել, ով պահանջում է իրականացնել վերոնշյալ կետերը քայլ առ քայլ, սա պատասխան եւ լուրջ քայլեր է պահանջում:

 

Լրահոս

Դիտել ավելին