Կարևոր իրադարձություններ

Հայ երիտասարդի դիմումը՝ Արամ Ա կաթողիկոսին. «Վանքերը պալատ դարձնելու փոխարեն հզորացնենք Արցախը»

15 Ապրիլ, 2016 10:25
Հայ երիտասարդի դիմումը՝ Արամ Ա կաթողիկոսին. «Վանքերը պալատ դարձնելու փոխարեն հզորացնենք Արցախը»

«Արևելքի» փոխանցմամբ՝ բեյրութահայ Հրայր Արաբսեսյանը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին:

«Ձեր բոլոր ասածների հետ համաձայն ենք, Վեհափառ հայր: Արցախը մերն է, մենք՝ Արցախին: Բայց արդյոք սրանից ավելի էլ ի՞նչ պիտի անենք Լիբանանում: Իբր մեծ հայր, հայ ազգը  և  հատկապես՝ Լիբանանի ժողովուրդը հավաքեք և մեզ առաջիկա 10 տարիների ընթացքում Արցախ տեղափոխեք: Այն դրամները, որ Ձեզ է տրամադրվում վանքերը պալատ դարձնելու կամ եկեղեցիներ կառուցելու օտար երկրում, այդ դրամներով Դուք կարող եք մեր հայ ընտանիքները Արցախ տեղափոխել, և այդ լումաներով շարունակ կհզորանա Արցախը:

Ես անձամբ պատրաստ եմ իմ ընտանիքով փոխադրվել: Ունեմ երկու որդի,  բայց ավաղ հնարավորություն չունեմ: Ի՞նչ ենք անելու օտար երկրում այն ամենից ավելի, ինչ որ արել ենք մինչև հիմա: Աշխատում ենք օտարների մոտ, հարստացնում ենք օտարներին՝ օտար երկրում, ինչո՞ւ չապրենք մեր Արցախ երկրում և մեր պայքարը մինչև մահ այնտեղ չտանե՞նք:

Խնդրում եմ Ձեզնից, Վեհափառ հայր, և իմ ասածները հաշվի առեք ամենայն հարգանքով: Եթե 100 տարի ևս մնանք օտարության մեջ, ամբողջությամբ ձուլվելու ենք: Այսօր ժամն է համախմբելու հայ ժողովուրդը՝ Արցախում»:

Ի դեպ, Հրայր Արաբսեսյանն իր այս  կոչը հրապարակել է Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջի վրա, որտեղից այն այսօր հեռացվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին