Կարևոր իրադարձություններ

Մարտին փետրվարի համեմատ սպառողական գների շուկայում 0.3 տոկոս գնանկում է արձանագրվել

14 Ապրիլ, 2016 22:17
Մարտին փետրվարի համեմատ սպառողական գների շուկայում 0.3 տոկոս գնանկում է արձանագրվել

Ընթացիկ տարվա մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 0.3 տոկոսով: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Նշյալ ժամանակահատվածում պարենային ապրանքների 0.5 տոկոս գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, ձկնամթերքի, մրգի 1.7-0.5 տոկոս գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 1.7-0.2 տոկոս գնանկում, իսկ 4-ում` 0.2-1.0 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.1-0.1 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով:

2016 թվականի մարտին 2015-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.5 տոկոս: 2016թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1 տոկոս, ինչը 0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.8 տոկոս):

2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.0 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 94.9, ոչ պարենային ապրանքներինը` 98.5, ծառայությունների սակագներինը` 102.9 տոկոս, իսկ հունվար-մարտին 2015թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 98.6, 95.4, 100.0 և 103.2 տոկոս:

 

Լրահոս

Դիտել ավելին