Կարևոր իրադարձություններ

Անդամահատված զինծառայողները լիարժեք բուժում ստանալուց հետո կպրոթեզավորվեն պետության հաշվին. ռազմական բժիշկ

14 Ապրիլ, 2016 18:09
Անդամահատված զինծառայողները լիարժեք բուժում ստանալուց հետո կպրոթեզավորվեն պետության հաշվին. ռազմական բժիշկ

Քառօրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները, որոնք անդամահատվել են, լիարժեք բուժում ստանալուց հետո կպրոթեզավորվեն պետության հաշվին. «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց հոսպիտալի ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանը: 


«Պրոթեզավորման խնդիր ունեցող զինծառայողների հարցով աշխատանքներ տարվում են, դա նեղ մասնագիտական է և այս պահին դեռևս բուժման շրջանում են: Դա շատ անհատական խնդիր է, ում ինչ տեսակի պրոթեզ է պետք կամ բուժում է պետք, և  պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը»,- ասաց նա:


Արմեն Հովսեփյանը նշեց, թե բուժում ստացող զինծառայողների մեծամասնությունը կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը: «Կոնկրետ թիվ դեռ չենք կարող ասել, դեռ պետք է հաշվառել, վերջնական բուժումից հետո կհասկանանք, բայց վիրակապով զինվոր չի գնալու: Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- ասաց նա:


Ռազմական բժիշկը օրինակով խոսեց, թե երբ մի զինվորի մոտ սխալմամբ ասել են, որ եթե հանկարծ զորացրվեք, այդ զինվորը հակադարձել է. «Ասեց՝ ոնց զորացրվենք, ես պետք է գնամ հլա, ի՞նչ եք ասում»: 


Հոգեբան Անուշ Ալեքսանյանը խոսեց զինվորների հոգեբանական վիճակի մասին և նշեց, թե նկատում է, որ ավելի սահուն են անցնում հոգեբանական խնդիրները, քան ասենք դա կարող էր լինել վթարի հետևանքով եղած դեպքում:


«Մեր զինվորները պատրաստ են եղել իրականում, հոգեբանական իմաստով տեսնում ենք, որ պատրաստ էին այս ամենին, և կարողացել են լուրջ դիմադրություն ցույց տալ»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին