Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում հայաստանցի արտահանողները խնդիրներ են ունենում. Շաբոյանը հարցը ներկայացրել է ռուսական կողմին

14 Ապրիլ, 2016 17:45
ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում հայաստանցի արտահանողները խնդիրներ են ունենում. Շաբոյանը հարցը ներկայացրել է ռուսական կողմին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Երևանում անցկացված ԵԱՏՄ հակամենաշնորհային քաղաքականության հարցերի քննարկմանը նվիրված նիստին բարձրաձայնել է խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են հայաստանցի արտահանողները ԵԱՏՄ անդամ-երկրների և, մասնավորապես, ռուսական շուկայում:

Լրագրողների հետ զրույցում Արտակ Շաբոյա նը նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպում են արտահանողներին, ծանոթանում նրանց խնդիրներին, ուսումնասիրություններ կատարում, քանի որ Հայաստանի անդամակցությունն այս միությանը շատ կարևոր դեր ունի երկրի արտահանումը խրախուսելու տեսանկյունից:

«Կարևոր խնդիրներից, որոնց հանդիպում են Հայաստանի տնտեսվարողները ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում կապված է նրա հետ, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները խտրական վերաբերմունք են ցուցաբերում արտահանող երկրների նկատմամբ: Օրինակ, այդ ցանցերը նախընտրում են աշխատել իրենց երկրի տեղական դիստրիբյուտոր ընկերությունների հետ: Այս դեպքում հայկական ընկերություններին այլընտրանք չի մնում, քան աշխատել նրանց հետ` ստիպված լինելով համաձայնել նրանց պայմաններին»,-ասաց Շաբոյանը: Նրա խոսքով` դիստրիբյուտորական ընկերությունները, որոնք կազմակերպում են իրացման գործընթացը, իրենց մարժան են ավելացնում, ինչը հանգեցնում է ՌԴ տարածքում հայկական ապրանքների թանակցմանն ու գնային տեսանկյունից դրանք դարձնում ոչ մրցունակ:

«Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը, սուպերմարկետները վատացնում են իրացման պայմանները ընկերությունների համար: 2015 թվականի ուսումնասիրության արդյունքներով բազմաթիվ դեպքեր ի հայտ եկան, երբ այդ ցանցերը ինքնակամ իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները կամ վճարման ժամկետներն են երկարացնում: Դեպքեր կան, որ խոշոր առևտրային ցանցերը սուբյեկտիվ են որոշում, թե ինչպես ապրանքները ցուցադրեն իրենց առևտրային կենտրոններում: Փաստերի առկայության դեպքում այսպիսի քայլերը կարող են համարվել որպես հակամրցակցային գործունեություն և խոչընդոտել ԵԱՏՄ ընդհանուր տնտեսության զարգացումը»,-ավելացրեց Շաբոյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵԱՏՄ իր գործընկերները համաձայնել են համատեղ ուսումնասիրություններ կատարել նշյալ խնդրի առնչությամբ: «Մասնավորապես, իմ ռուս գործընկերը համաձայնեց համընդհանուր ուսումնասիրություններ ու ստուգումներ սկսել խոշոր սուպերմարկետների նկատմամբ, որ այդ խնդիրները բացահայտվեն և կարգավորվեն»-նշեց պաշտոնյան:

Շաբոյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տարածքում պետական գնումների կազմակերպման հարցերին` նշելով, որ ներկայում հիմնական խնդիրը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչելիությունն է: «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրի բոլոր տնտեսվարողները իրավունք ունեն հավասար սկզբունքներով մասնակցել ԵԱՏՄ պետությունների տարածքում անցկացվող պետական գնումների մրցույթներին: Դա շատ լավ շուկա է Հայաստանի ապրանքների արտահանման առումով: Այնուհանդերձ, այս ոլորտում ևս կան խնդիրներ, որոնցից հիմնականը էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման հարցն է: Մենք նիստի ընթացքում այդ հարցը բարձրացրեցինք: Նշեմ, որ այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանքներ ենք իրականացվելու»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը` հավելելով, որ մրցակցության պաշտպանության մարմինները միայնակ չեն կարող լուծել խնդիրը, դրա համար էլ անհրաժեշտ է ներդնել այլ պետական մարմինների ջանքերը ևս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին