Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ միջնորդները ոստիկանության պես են՝ ծառի տակ թաքնվում են, հետո հայտնվում

14 Ապրիլ, 2016 19:24
ԵԱՀԿ միջնորդները ոստիկանության պես են՝ ծառի տակ թաքնվում են, հետո հայտնվում

«Քառօրյա պատերազմը, որն իրականում Արցախի պատմության մեջ երկրորդ պատերազմն էր, շատ դաժան և բացասական հետք թողեց, ամբողջովին փոխելով  այդ պետությանը»:  Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմին,  նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անդրադառնալով ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վարած քաղաքականությանը,  քաղաքագետը նկատեց. «Նալբանդյանը, ոչ թե պետք  է իրադարձությունների հետևից փորձի հասնել, այլ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այդ հարցով պետք է արմատապես փոխվի: Դրանք Մադրիդյան սկզբունքներն են, որոնք արատավոր են, այն հանգեցնում է կոնֆլիկտի, և Մինսկի խումբն էլ հեռվից նայելով «կայֆ» է անում: Այն երբ ցանկանում է՝ միջնորդում է, երբ չի ցանկանում՝ չի միջնորդում»:

Հայ ժողովուրդն այս քառօրյա պատերազմի ընթացքում ականատես եղավ, որ աշխարհում ոչ մեկ չկա իրեն օգնող, բացի իր զինվորներից,- ասում է քաղաքագետն ու շարունակում. «Այս ամենը հաշվի առնելով պատրանքները  պետք է դնենք մի կողմ և սկզբունքներից հրաժարվենք, որից հետո կլինի նոր իրականություն»: 

Շիրինյանի բնութագրմամբ՝ միջորդները ոստիկանության պես են՝ ծառի տակ թաքնվում են, հետո երբ պետք է լինում,  հանկարծակի հայտնվում են:

«Արտաքին քաղաքական կուրսը պետք է փոխվի, Նալբանդյանն ինքն ամբողջովին ձախողվել է, իսկ յոլա գնալու քաղաքականությունը մեր ԱԱծ-ի հիմքերը խարխլում է»:

Քաղագետը կարծում է՝ Ադրբեջանն իր ունեցած զինատեսակներից շատ քիչ մասն է օգտագործել, դա նշանակում է, որ խիստ հավանական է , որ հաջորդ անգամ ավելի մեծ ծանրությամբ պատերազմ պետք է վարի:

Խոսելով  հայկական կողմի փոխզիջումների մասին Շիրինյանը նշեց.  «Իրենք իրենց դիվագիտություն են անում, բայց եթե մի թիզ հող էլ զիջեն,   մենք գլխովի ջախջախվելու ենք, դա բոլորը պետք է գիտակցնեն:

Անդրադառնալով պատգմավորների ներկայացրած օրենքի նախագծին, որի համաձայն Արցախը պետք է ճանաչվի անկախ պետություն, քաղաքագետը նշեց. «Վաղուց եմ ասել, Հայաստանը պետք է նահանջի և տեղը զիջի նրան, որը սուբյեկտն է, իսկ այդ ճանաչման հարցը պետք է հստակեցվի, թե կոնկրետ որ սահմաններում են: Սահմանադրորեն ճանաչված սահմաններո՞ւմ, որն ունի Արցախը, թե՞ ինտրիգային խոսակցությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ: Այս հարցի լուծման խաղաղ ճանապարհ ես չեմ տեսնում, բայց ինչ էլ որ անեն, պետք է հստակ իմանան, որ այդ հարցը խաղաղ լուծում չունի և հող վերադարձնելու հարցն էլ անթույլատրելի է»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին