Համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում՝ հաշվի առնելով, որ այդ պայքարը նախկին մեթոդներով փաստացի պարտված է: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է քաղաքականության, տնտեսության և մշակույթի հազարից ավելի ականավոր գործիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հասցեագրված բաց նամակում:
Փաստաթղթի տեքստը, որը ստորագրել են, մասնավորապես, միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆեթը, երաժիշտ Սթինգը, դերասան Մայքլ Դուգլասը, Մեքսիկայի, Կոլումբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի նախկին նախագահները, տարածել է Նյու Յորքում տեղակայված Drug Policy Alliance կազմակերպությունը: Նամակը նվիրված է ապրիլի 19-ին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում բացվելիք ՄԱԿ ԳԱ-ի թմրանյութերի խնդրի հարցով հատուկ նիստին:
«Թմրանյութերի վերահսկողության ռեժիմը, որը ձևավորվել է անցած հարյուրամյակի ընթացքում, աղետալի է դարձել աշխարհի բնակչության առողջության, անվտանգության և մարդու իրավունքների համար,- ասվում է նամակում:- Այն հանգեցրել է հսկայական սև շուկայի ստեղծման, որը հարստացրել է հանցավոր խմբավորումներին և կոռումպացված կառավարություններին, առաջացրել է անզուսպ բռնություն, աղավաղվել է տնտեսական շուկաները և խաթարել հիմնական բարոյական արժեքները»:
Նամակում միջազգային կազմակերպության վարչական ղեկավարին կոչ է արվում շեշտը դնել առողջապահության և «վնասի նվազեցման» հարցերի վրա, ինչը կներառեր այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են թմրակախվածությունից բուժման ֆինանսավորումն ու բուժօգնության տրամադրումը մարդկանց, որոնք թմրանյութի գործածության պատճառով վարակվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով կամ հիվանդացել հեպատիտով: