Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյան. «Մետրոպոլիտենը ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ է»

14 Ապրիլ, 2016 15:50
Տարոն Մարգարյան. «Մետրոպոլիտենը ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ է»

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի մետրոպոլիտենի վաստակաշատ աշխատակիցներին և մետրոպոլիտենի հիմնադրման 35-ամյակի առիթով մայրաքաղաք այցելած «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին: Ողջույնի իր խոսքում քաղաքապետը նկատել է, որ 35-ամյա մետրո ունենալն իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար: 

 «Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ: Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն անփոխարինելի դերակատարում ունի: Մետրոն իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը: Հայոց մայրաքաղաքի մետոպոլիտենի 35-ամյակի առիթով մեր հյուրերի այցը գնահատելի է, ուստի առանձնահատուկ ողջունում եմ «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամներին, որոնց հետ բարեկամությունն ու համագործակցությունը կարևորում ենք»,-ընդգծել է քաղաքապետը՝ նկատելով, որ սա նաև հրաշալի առիթ է՝ երևանյան մետրոյի նվաճումներն ու զարգացման տեսլականը գործընկերների հետ մասնագիտական քննարկման ենթարկելու համար:

 «Այս օրն ունենալու համար մենք խորապես երախտապարտ ենք մետրոպոլիտենի մտահղացման ու ստեղծման երբեմնի պետական այրերին, նախագծողներին, շինարարներին ու մեր վաստակաշատ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել թե՛ այն կայացնելու և թե՛ հետագայում այս օբյեկտը հավուր պատշաճի պահպանելու գործում: Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերը մեր մշտական ուշադրության կենտրոնում են, ու մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ, երևանյան մետրոն տարեցտարի ավելի ու ավելի է արդիականացվում, համալրվում գույքով ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ սպասարկմամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 Երևանի մետրոպոլիտենի 35-ամյակի առիթով պաշտոնական ընդունելության շրջանակում երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար մետրոպոլիտենի մի շարք վաստակաշատ աշխատակիցներ արժանացել են պարգևների:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին