Կարևոր իրադարձություններ

Նոբելյան մրցանակակիրը պատասխանել է Լուկաշենկոյի քննադատությանը

25 Հոկտեմբեր, 2015 17:05
Նոբելյան մրցանակակիրը պատասխանել է Լուկաշենկոյի քննադատությանը

2015-ին գրականության նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչը կիրակի օրը` հոկտեմբերի 25-ին, մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` իր հասցեին հնչեցված քննադատությունը, գրում է Lenta.ru-ն:

«Երբ Լուկաշենկոն շնորհավորեց ինձ` թեկուզ ոչ առաջինը, ես ուրախ էի, որովհետև հասկացա` նա ամեն դեպքում քաղաքական գործիչ է: Եվ հանկարծ ահա այս մեկնաբանությունը»,- ասել է բելառուսցի գրողը:

Իր խոսքերով` ինքը երբեք չի քննադատել բելառուս ժողովրդին, այլ միայն նախագահի քաղաքական որոշումները: «Ես կասեի, որ նախագահն այսօր այդ մասին չպետք է խոսի: Ժողովուրդը սպասում է բարեփոխումների, ժողովրդի մեջ էներգիա է կուտակվել, իսկ մենք ընդհանրապես ոչ մի գաղափար չունենք: Միայն իշխանությունը պահպանել: Եթե դա վիրավորանք է բելառուս կամ ռուս ժողովրդին, ապա ես չգիտեմ` որտեղ, և որ ժամանակաշրջանում ենք մենք ապրում»,- հավելել է Ալեքսեևիչը:

Նշենք, որ Լուկաշենկոն երաժիշտ Վիկտոր Դրոբիշին համեմատել է Ալեքսեևիչի հետ` ասելով, որ Դրոբիշը հեռու լինելով հայրենի հողից, երբեք չի ամաչել իրեն բելառուս անվանել, այնինչ ոմանք, այդ թվում՝ նոբելյան մրցանակակիրներ, դեռևս չհասցնելով ստանալ այն, արդեն լքել են երկրի սահմաններն ու փորձում են ցեխի մեջ թաթախել երկիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին