Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է վարչակազմին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր հարկային պայմանագրի շուրջ բանակցելու կոչով։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Ֆինանսական հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Շերմանն այդ հարցով դիմել է ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին` կարևորելով Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
«Մենք հարկային պայմանագրեր ունենք աշխարհում բազմաթիվ երկրների հետ: Մենք զգալի գումարներ ենք նվիրաբերում՝ փորձելով հասնել միջազգային զարգացման մեր նպատակներին, ու կարողանում մշտապես օգնությամբ ապահովել Հայաստանին։ Բայց մենք կարող ենք հասնել այդ նպատակներին նաև հարկային պայմանագիր ունենալով»,- ասել է Շերմանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի առաջարկը։