Կարևոր իրադարձություններ

Մարզահամերգային համալիրը «ռասկուլաչիտ» են անում. Իսկ ո՞վ է լինելու ապագա գնորդը.«Հայկական ժամանակ»

14 Ապրիլ, 2016 08:28
Մարզահամերգային համալիրը «ռասկուլաչիտ» են անում. Իսկ ո՞վ է լինելու ապագա գնորդը.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են: Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 22-ին, ժամը 17-ին տեղի կունենա աճուրդ, որին ներկայացված է ՄՀՀ-ի գույքի մի մասը: Ավելի քան 2500 անուն ապրանքներ վաճառքի են ներկայացված մեկ լոտով, որի ընդհանուր գինը 2,3 մլրդ դրամ է: Այս նույն ապրանքները աճուրդի էին հանվել ապրիլի 1-ին, բայց հայտ չլինելու պատճառով աճուրդը չէր կայացել:

Սրանք չոր փաստեր են, բայց ինչ է կանգնած այս պատմությունների հետեւում, թերեւս արդեն պարզ է: Մարզահամերգային համալիրը ի վերջո վաճառվելու է շատ ցածր գնով եւ դժվար չէ կռահել, թե ով է լինելու ապագա գնորդը:

Մի քիչ նախապատմություն: Համալիրի սեփականատերը «Բամօ» ընկերությունն էր, որը մեծ ներդրումներ էր արել համալիրում: Հանգամանքների բերումով, այդ ընկերությունը կառավարությունից 20 մլն դոլարի վարկ էր վերցրել եւ դժվարություններ ունեցավ այն մարելու հարցում: Այս ու այն կողմ համատարած արտոնություններ բաժանող մեր կառավարությունը դատարանների ու ԴԱՀԿ-ի միջոցով կայծակնային արագությամբ այդ 20 մլն դոլարի դիմաց հետ վերցրեց մոտ 60 մլն դոլար գնահատված համալիրը եւ հանեց այն վաճառքի:

Գնորդներ չեղան, եւ համալիրի գինը սկսեց կամաց-կամաց իջնել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց մի, մեղմ ասած, մութ ընկերության՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» անվանումով: Վաճառքից ընդամենը 20 օր առաջ գրանցված այս ընկերության միակ բաժնետերը ոմն Արմեն Զավենի Գեւորգյան էր: Վերջինս յալ, ոչ պակաս մութ ընկերություններում տարբեր ժամանակներում փայատեր-գործընկեր է եղել Սերժ Սարգսյանի «ախրանայի պետ» Վաչիկ Սարգսյանի կնոջ եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մտերիմների հետ: Այսինքն, դրանով արդեն ուրվագծվում է, թե ով է ուզում ձեռք գցել համալիրը:

Կարճ ժամանակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ Արմեն Գեւորգյանն իր հիմնադրած ընկերությունը վաճառել է Վահագ Դինո Ավադիսյանին, որի անունը համառորեն շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում:

Այս տարվա փետրվարին հանկարծ պարզվեց, որ վերը նշված «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը չի վճարել 30 մլն դոլարը, եւ կառավարությունը իր որոշմամբ չեղյալ համարեց վաճառքի պայմանագիրը: Ու հիմա սկսել են վաճառել համալիրի գույքը՝ կտոր-կտոր: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում, նշենք, որ վաճառքի են հանել սեղաններ, աթոռներ, պահարաններ, հայելիներ, գորգեր, ծորակներ, փականներ, լուսարձակներ, «բռա»-ներ, հոկեյի դարպասներ, խոզանակի կախիչներ, լվացարաններ, ապահիներ…: Այսինքն համալիրը բառացիորեն «ռասկուլաչիտ» են անում:

Դժվար չէ կռահել, որ մեկ լոտով աճուրդի հանված նշված ապրանքները այս անգամ էլ չեն վաճառվելու, եւ դրանց գինը գնալով նվազելու է անընդհատ: Նվազելու է նաեւ ՄՀՀ-ի շենքի գինը: Թե որքան կնվազի, կախված է նրանից, թե որքանով է պատրաստ ապագա սեփականատերը պատրաստ վճարել ՄՀՀ-ի դիմաց: Դժվար չէ կռահել նաեւ, որ որեւէ երկրորդ հավակնորդ չի հայտնվելու երբեք, ու կինը կիջեցնեն՝ որքան ցանկանան: Չի բացառվում, որ ի վերջո, մոտ 60 մլն դոլար գնահատված արժեքով ՄՀՀ-ն վաճառվի, ասենք մի 10 մլն դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին