Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կա մեկ լուծում՝ պատիժ և վերջ. Թաթուլ Մանասերյան

13 Ապրիլ, 2016 16:31
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կա մեկ լուծում՝ պատիժ և վերջ. Թաթուլ Մանասերյան

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կա մեկ լուծում՝ պատիժ և վերջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:


«Չեմ հավատում բոլոր այն ջանքերին, Հայաստանին տրամադրվող դրամաշնորհներին, վարկերին, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված փաստաթղթերին: Այդ ամենը հեքիաթներ են»,- հայտարարեց Թաթուլ Մանասերյանը, ապա ավելացրեց, թե սիրում են հաճախակի բերել Սինգապուրի օրինակը:


«Իսկ ինչպե՞ս հասավ Սինգապուրը հաջողության կոռուպցիայի դեմ պայքարում»,- հարցադրում արեց տնտեսագետը միաժամանակ տալով նաև պատասխանը՝ «մահապատիժ սահմանելով»:


«Մեկ-երկու օրինակ և Սինգապուրը դարձավ ամբողջ աշխարհում լավագույն օրինակ: Պատժամիջոցներ կկիրառենք՝ ուրեմն մեր երկիրը ուշքի կգա, մնացած խոսակցություններն ընդամենը կենացներ են»,- ասաց տնտեսագետը:


Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` Հայաստանի տնտեսության առնվազն 3/4 -ը ստվերում է: Ըստ նրա`այսօր Հայաստանի միակ մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է, որտեղ էլ, նրա խոսքով`լուրջ անելիքներ կան:


«Պետք է մտածենք կադրային քաղաքականության մասին, թե ինչպես են ձախողում, ոչնչացնում այն ոլորտները, որոնց հետ մենք ամեն օր հույսեր ենք կապում, որ կարող է առաջընթաց գրանցվի»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին